Եւ Սահմանադրական Դատարանն Այս Անգամ Հաստատում Է Արձանագրութիւնները՝ Բաքւի Կոտորածների 20–րդ Տարելիցից Ճիշտ Մէկ Օր Առաջ..


Դեռ չէի հաշտւել այն իրողութեան հետ, որ կարելի է Մեծ Եղեռնի եւ Հայոց Ցեղասպանութեան 94–րդ տարելիցի սեմին, ցեղասպանութեան ենթարկւած ժողովրդի ղեկավարութեան յաւակնութիւնն ունեցող իշխանութիւնը գաղտնի բանակցութիւններից յետոյ, հէնց Ապրիլի 23 ին՝ նախաստորագրութիւններ կոչւող թղթերը կը հրապարակի, որտեղ «աւետում» է Ցեղասպանութեան հիմնական հեղինակի իրաւայաջորդ՝ Թուրքիայի ֆաշիստական պետութեան հետ բարեկամութեան ձեռք պարզելու գոյժը...
Ո՛չ ոք չէր կարող հաշտւել նման նենգ ու դաւադրական արարքի հետ, սակայն դրան յաջորդեց Բուրսայի ծաղրաֆոտբոլային հիւմորային թատրոնը, որը պիտի տեղի ունենար «Կարս»ի պայմանագրի ստորագրման օրը...
Չենք կարող ասել այդ բոլորը պատահմամբ ու դիպւածով է եղել, քանի որ այս նենգ ու գարշելի արարքների հերթական բեմադրութիւնը կատարելագործւեց՝ հենց երէկ՝ Յունւարի 12–ին Սահմանադրական Դատարանի միջոցով՝ փաստաթղթերի սահմանադրականութիւնը հաստատելով...
Բայց ո՞ւմ ասենք, որ այս էլ կատարւեց նենգ մտադրութեամբ, այս անգամ Հայաստանի իշխանութեան նախաձեռնութեամբ։ Դրան ՍԴ–ն հաստատեց Բաքւի անմեղ հայ ժողովրդին կոտորելու 20–րդ տարելիցի սեմին... 1990 թւականի Յունւարի 13–ին,տեղի ունեցան Բաքւի ջարդերը։ Այդ քաղաքականութեան արդիւնքը դարձաւ «Ադրբեջանից շուրջ 400.000 հայերի բռնի տեղահանումը։Ու մեր իշխանութիւնը թուրքերի կողմից կազմակերպւած երկրորդ ցեղասպանութեան 20–րդ տարելիցից ճիշտ մէկ օր առաջ Յունւարի 12–ին ընդունել է տալիս անբարոյ «յարաբերութիւն»ների օրինականութիւնը։Եւ ի պատասխան, հէնց այսօր՝ Յունւարի 13–ին, Հայաստանի իշխանաւորների «լայնախոհութեան» որպէս «շնորհակալական ուղերձ»՝ Թուրքիայի արտգործնախարար Դաւութօղլուն ասաց՝ «Որպէսզի Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն ինչ-որ իմաստ ունենայ, կարեւոր է հաշւի առնել ողջ տարածաշրջանի շահերը:
Դաւութօղլուի խօսքով, գործընթացը չի կարող իմաստ ունենալ, երբ «ադրբեջանական տարածքների 20 տոկոսն «զաւթւած» է Հայաստանի կողմից»: Թուրքիայի խորհրդարանում արձանագրութիւնների վաւերացման մասին էլ, ըստ նախարարի, խօսք լինել չի կարող. «Իմաստ չունի խաղաղութեան հասնել տարածաշրջանում, երբ առկայ է Հայաստանի կողմից նման ագրէսիա»:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նաեւ նշել է, որ Թուրքիան ձգտում է հասնել նրան, որ մի օր հնարաւոր լինի մեքենայով Բաքւից գնալ Ղարաբաղ, Նախիջեւան, Երեւան եւ հասնել մինչեւ Կարս:Ո՞ւմ ասենք այս ցաւը, ո՞ւմ...գուցէ հէնց ինքը՝ Դաւութօղլուին...

Ձերդ՝

0 Պատգամ: