Մ. Յակոբեան.–
«Տարածաշրջանի խաղաղութիւնը մեծ հաշւով
պահպանւում է ԼՂՀ Պաշտպանութեան բանակի
հզօրութեան հաշւին»

«Հաւատացած եմ, որ տարածաշրջանի խաղաղութիւնը մեծ հաշւով պահպանւում է ԼՂՀ Պաշտպանութեան բանակի հզօրութեան շնորհիւ:

Մշտապէս բանակի մարտունակութեան բարձրացման միջոցով մենք պէտք է հարկադրենք հակառակորդին համաձայնելու՝ մեզ հետ խօսել բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թէ՝ մարտադաշտում»: Վերոյիշեալ յայտարարութիւնն արել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի նախարար, գեներալ-լէյտենանտ Մովսէս Յակոբեանը:
Նրա խօսքերով, 2009 թւականը բաւականին բարդ տարի էր ԼՂՀ զինւած ուժերի համար, սակայն ԼՂՀ Պաշտպանութեան բանակի ողջ անձնակազմի ջանադիր աշխատանքի շնորհիւ յաջողութեամբ լուծւել են բոլոր առաջադրւած խնդիրները և ստեղծւել մարտունակութեան հետագայ բարձրացման լաւ նախադրեալներ:
«Ամենագլխաւորն այն է, որ մենք ապահովել ենք ԼՂՀ սահմանների անվտանգութիւնը: Անցած տարում հակառակորդին չի յաջողւել լուրջ ոտնձգութիւններ կատարել: Առաջաւոր գծում այսօր, քան երբևէ, մեր զինւորներն իրենց աւելի վստահ են զգում»,-ասել է ԼՂՀ պաշտպանական գերատեսչութեան ղեկավարը: Դրա հետ մէկտեղ նա նշել է, որ նախորդ տարւայ համեմատ, յաճախացել են Ղարաբաղեան դիրքերի գնդակոծումները հակառակորդի կողմից: Ընդհանուր հաշւով, ադրբեջանական կողմը 3 հազար եւ 42 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:
Անդրադառնալով ԼՂՀ և ԱՀ զինւած ուժերի շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու հարցին՝ նախարարը նշել է, որ ԼՂՀ պաշտպանութեան բանակի հրամանատարութեան հետ համապատասխան պայմանագրի ստորագրումից Ադրբեջանը հրաժարւել է:
Մեկնաբանելով պաշտօնական Բաքւի ռազմատենչ յայտարարութիւնները՝ Մովսէս Յակոբեանն ասել է.
«Մենք պէտք է հետևենք այդօրինակ յայտարարութիւններին և ճիշտ եզրահանգումներ անենք, ամէն ինչ ձեռնարկենք, որպէսզի դրանք այդպէս էլ մնան յայտարարութիւններ: Ես վստահ եմ, որ եթէ Ադրբեջանը պատրաստ լինի պատերազմի, ապա առանց որևէ մէկից հարցնելու, կը սկսի այն: Այդ պատճառով էլ 16 տարի շարունակւող ոչ պատերազմի, ոչ խաղաղութեան պայմաններում ԼՂՀ Պաշտպանութեան բանակի զինւորները չեն հեռանում առաջաւոր գծի խրամատներից, այդ պատճառով էլ մենք ունենք հերթապահ ստորաբաժանումներ, որոնք գտնւում են թիւ 1 մարտական պատրաստութեան մէջ»։
Նախարարը համոզւած է, որ առանց ժողովրդի կամքը հաշւի առնելու, անհնար է Լեռնային Ղարաբաղին պարտադրել որևէ կարգավիճակ:

ՀՀ ԼՂՀ մամուլի ծառայութիւն

0 Պատգամ: