Ինձ Հայոց Ցեղասպանութեան մասին հարցեր չտաք
Թուրք գործչի ասուլիսը Երևանում կիսատ մնաց


15:23 • 30.04.10
Այսօր Երևանում հրաւիրւած թուրք հասարակական գործիչ, Երիտասարդ միաւորումների ասոցիացիայի նախագահ Սալիհ Եուջէի մամուլի ասուլիսը կիսատ մնաց։
Հասարական կազմակերպութեան ղեկավարը ասուլիսի հէնց սկզբում իր թարգմանչի միջոցով տեղեկացրեց, որ ինքը չի պատասխանելու Հայոց Ցեղասպանութեան մասին հարցերին, որովհետև ինքը Երևանում է որպէս հասարակական կազմակերպութեան ղեկավար, և իր նպատակը երկու հասարակութիւնների միջև երկխօսութեան կայացմանը նպաստելն է։
«Սկզբից կուզենայի Ձեզ խնդրել, որ Հայոց Ցեղասպանութեան մասին հարցեր չլինեն, եթէ լինեն էլ, անպատասխան կմնան»,– յայտարարեց Սալիհ Եուջէն։ Այնուամենայնիւ, լրագրողական լսարանն իր հարցերը կապում էր Հայոց Ցեղասպանութեան հետ, ինչը դուր չեկաւ թուրք գործչին։ Նա բոլոր հարցերին պատասխանում էր, որ անցեալի հարցերը պարզաբանելը պատմաբանների գործն է, որ ինքը Երևանում է հասարակական գործունեութեան նպատակով և կը պատասխանի միայն այդ հարթութիւնում տրւող հարցերին։
«Մենք միշտ պատրաստ ենք երկխօսութեան, և դա կախւած չէ պատմական կամ քաղաքական հանգամանքներից»,– մօտաւորապէս այսպիսի պատասխան տւեց Սալիհ Եուջէն։
«Այս ամէնի պարզաբանումն ընկնում է պատմաբանների վրայ։ Եւ մենք սկզբից էլ զգուշացրինք, որ եթէ խօսենք անցեալի մասին, մի անգամ եթէ սկսեցինք խօսել, դրա տակից դուրս չենք գայ։ Ամէն ինչ իր մասնագիտական նրբութիւնն ունի՝ քաղաքական թևն իր կտրւածքով է այս ամէնին մօտենում, պատմաբաններն իրենք իրենց գործն են անում պատմութեան հետ կապւած, և մենք էլ՝ ՀԿ–ներս մեր գործն ենք անում մեր կտրւածքով»,– յայտարարեց Սալիհ Եուջէն, երբ նրան հարցրին, թէ արդեօ՞ք կարելի է անցեալից խօսելուց հրաժարւելու ՀԿ ղեկավարի քայլը հասկանալ իբրև կոչ հայերին՝ մոռանալ անցեալում կատարւածը։
Երբ մօտ մէկ տասնեակի չափ հարցեր հնչեցին Հայոց Ցեղասպանութեան մասին, Սալիհ Եուջէն յայտարարեց, որ իրենք պայմանաւորւածութիւն են ունեցել մամուլի ակումբի տնօրինութեան հետ, որ խօսելու են միայն հասարակական խնդիրների մասին, բայց քանի որ շարունակւում են քաղաքական բնոյթի, Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող հարցերը, իրենք նպատակայարմար չեն համարում մամուլի ասուլիսի շարունակութիւնը։

Tert.am

0 Պատգամ: