Էրդողան.–
«Առանց նախապայմանի», բայց…


11:46 • 01.05.10
Անկարայի համար ընդունելի է «առանց նախապայմանի» հասկացութիւնը, սակայն առանց Հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման դժւար կը լինի առաջ տանել Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը:
Այս մասին, թուրքական լրատւամիջոցների փոխանցմամբ, յայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք ժողովրդին ուղղւած իր ուղերձում:
«Մենք մանրակրկիտ ձևով շարադրել ենք Հայ-ադրբեջանական յարաբերութիւնների և Ղարաբաղեան հիմնախնդրի հարցում Թուրքիայի ակնկալիքներն ու իրականացւելիք այն դրական քայլերը, որոնք կը նպաստեն խնդրի կարգաւորմանը: Մենք ընդունում ենք «առանց նախապայմանի» հասկացութիւնը` սակայն դրա դիմաց դնելով մէկ բան: Դա տարածաշրջանային խաղաղութեան հաստատումն է, իսկ տարածաշրջանային խաղաղութիւն ասւածի մէջ ընդգրկւած են երկու դերակատարներ: Եւ քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկայ խնդիրները չեն հարթւել, անկասկած, խնդիրներ են նկատւելու յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն առաջ տանելու հարցում»,- յայտարարել է Էրդողանը` շարունակելով.
«Ինչպէս գիտէք՝ հարցի առնչութեամբ նոր զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին, և ցաւալի է, որ Հայաստանը միակողմանիօրէն առկախեց արձանագրային գործընթացը: Բնականաբար, այդ որոշումը հայկական կողմի որոշումն է, իսկ այդ հարցում Թուրքիան շարունակում է հաւատարիմ մնալ իր նախկին դիրքորոշմանը: Մենք հէնց սկզբից ցոյց տւեցինք արձանագրութիւնների տառին և ոգուն հաւատարիմ մնալու մեր գործելաոճը և այդպէս էլ շարունակելու ենք»:
Անդրադառնալով Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսեան ուղերձին` Թուրքիայի վարչապետը յայտարարել է, որ դա անընդունելի է:
«Ապրիլի 24-ին Օբաման, քաջատեղեակ լինելով հարցի առնչութեամբ մեր զգայունութեանը, այնուամենայնիւ, խօսեց այնպիսի պնդումների մասին, որոնք պարզապէս անընդունելի են մեր ազգի համար: Որպէս պետութիւն, որպէս կառավարութիւն` մենք միշտ արտայայտում ենք անհրաժեշտ հակազդեցութիւնը: Բնականաբար, մենք քննադատում ենք տարիներով շարունակւող այդ անարդարացի դիրքորոշումը...Միւս կողմից յայտարարում ենք, որ ահնրաժեշտ է այդ հարցն իր բոլոր կողմերով պատմաբաններին թողնելու անհրաժեշտութեան մասին, սակայն, ցաւօք, երրորդ երկրներն այդ հարցը շարունակում են ներքաղաքական շահարկումների թեմայ դարձնել իրենց համար: Նման մօտեցումը և խորը հետքեր է թողնում մեր ազգի վրայ, և բացասաբար ազդում Հայ-թրքական յարբերութիւնների կարգաւորման գործընթացի վրայ: Հարկաւոր է րոպէ առաջ ազատւել այդ սխալ գործելաոճից»,- յայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Tert.am

0 Պատգամ: