Եւրախորհրդարանի բանաձևի նման որոշումները մեր մեղքով են լինում

12:39 • 22.05.10
«Տարբեր միջազգային կազմակերպութիւնների ակտիւութիւնը Ղարաբաղեան հարցում որևէ գործնական ազդեցութիւն չի ունենայ բուն խնդրի լուծման վրայ, եթէ բուն խնդրի լուծման գործընթացում Հայաստանը չկատարի այն քայլերը, որոնք ոչ միայն իրենից սպասում են, այլև տարբեր պաշտօնեաներ յաճախ յայտարարում են։
Այսինքն, եթէ Հայաստանը կոնկրէտ տարածքների հետ կապւած ինչ–որ մի փաստաթուղթ չստորագրի, մնացած բոլոր որոշումները կմնան հէնց այդպէս՝ թղթի վրայ»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը խօսելով Եւրախորհրդարանի նախօրէին ընդունած բանաձևի մասին, նման յայտարարութեամբ հանդէս եկաւ քաղաքագէտ, «Հայկական ընտրութիւն» նախաձեռնութեան ղեկավար Արմէն Աղայեանը։
Յիշեցնենք, որ Եւրախորհրդարանի 2216 բանաձևով հայկական կողմին կոչ էր արւում դուրս բերել զօրքերը օկուպացւած տարածքներից։
Արմէն Աղայեանն այն կարծիքին է, որ նման որոշումները լինում են մեր մեղքով, քանի որ «մենք մեր ազգային անվտանգութեան հարցը, ազգային ազատագրական պայքարի խնդիրը դարձրինք միջազգային քաղաքականութեան խաղալիք»։
Քաղաքագէտը նշեց, որ քանի դեռ ԼՂ հարցում չի փոխւել հայկական կողմի քաղաքական դիրքորոշումը, նման բանաձևեր միշտ կարող են լինել։
Արցախի հիմնախնդրի լուծման համար Արմէն Աղայեանն առաջարկում է բնակեցնել ազատագրւած տարածքները և ԼՂ–ն ՀՀ–ի սահմանադրական տարածքի մէջ ներառել։
«Այս երկու քայլերից յետոյ Ղարաբաղեան խնդիրը կարելի է համարել լուծւած կամ գրեթէ լուծւած»,– ասաց քաղաքագէտը։

Tert.am

0 Պատգամ: