Google-ն ինտերնէտային խանութ է ստեղծում


09:23 • 21.05.10
Google ընկերութիւնում յայտարարել են Chrome Web Store ինտերնէտային խանութ ստեղծելու մտադրութեան մասին։ Այն ինտերնէտ օգտւողներին տարբեր տեսակի յաւելւածներ, խաղեր, վարկանիշներ է առաջարկելու։
«Ինտերնէտում բազմաթիւ ծրագրային յաւելւածներ կան, որոնք հասանելի չեն մէկ աղբիւրից»,- որոշումը մեկնաբանել են ընկերութիւնում։
Google-ում պնդում են, որ Chrome Web Store-ը բաց շուկայական յարթակ է լինելու, որը թոյլ է տալու ինտերնէտում գտնել լաւագոյն յաւելւածները, իսկ ծրագրային ապահովում մշակողներին օգնելու է նոր յաճախորդներ ներգրաւել։
Ինչպէս և Apple-ին պատկանող AppStore-ի դէպքում, բովանդակութեան ու յաւելւածների մի մասն անվճար է լինելու։ Որոշների ներբեռնման համար էլ յաճախորդները ստիպւած են լինելու գումարներ թողնել Chrome Web Store-ում։ Google-ում առայժմ չեն յստակեցնում, թէ երբ է թողարկւելու խանութը, թէև պնդում են, որ Google Chrome բրաուզերի մօտ 70 միլիոն օգտւողներ հնարաւորութիւն կունենան մինչև տարեվերջ օգտւել այս ծառայութիւնից։
Chrome Web Store-ի մասին նորութիւնը վերլուծաբանները «սենսացիոն» չեն համարում, շուկայում բաւարար քանակով այլ առաջարկներ կան, որտեղ կարելի է տարբեր տեսակի յաւելւածներ ձեռք բերել։ Այլ հարց է, որ Chrome-ի 70 մլն օգտւողները հիանալի հնարաւորութիւն են ստեղծում ծրագրային ապահովում մշակողներին սեփական արտադրանքը շուկայում առաջ մղելու համար, իսկ Google-ը իր բրաուզերը մոնետիզացնելու լրացուցիչ հնարաւորութիւն է ստանում։
Վերլուծաբանների կարծիքով՝ Chrome Web Store-ը ոչ միայն թոյլ կտայ աւելացնել Chrome-ից օգտւողների քանակը, այլև ամրապնդել «հնաբնակների» լոյալութիւնը։ Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։

Tert.am

0 Պատգամ: