ՌԴ նախագահը մեծ ներդրում ունի ԼՂ կարգաւորման գործընթացում

Երևանում գտնւող Արգենտինայի արտգործնախարար Խորխէ Տայանայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրւեցին ՀՀ արտգործնախարարից, թէ ինչպէս է վերաբերում Հայաստանը այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդվեդևը Թուրքիա կատարած այցի ժամանակ յայտարարել էր, թէ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումն առաջ մղելու համար:
Լրագրողների դիտարկմամբ` այդ յայտարարութիւնն արւել է այն պարագայում, որ Թուրքիան Հայ-թրքական գործընթացը միշտ պայմանաւորել է ԼՂ հակամարտութեամբ:
«Ռուսաստանը, լինելով եռանախագահող երկիր, այսինքն` այդ երեք երկրներից մէկը, իր նպաստն է բերում կարգաւորմանը և բաւական կարևոր ու կառուցողական դեր ունի Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ջանքերի մէջ: Թէ դա որ պահին և որտեղ է արտայայտւել` ոչինչ չի փոխում այդ կառուցողական դիրքորոշման իմաստով: Եռանախագահների կողմից գործադրւող ջանքերի հետ միասին նաև գիտենք, որ այդ ջանքերի մէջ բաւական անձնական ներդրում ունի նաև Ռուսաստանի նախագահը` պարոն Մեդվեդևը, որի նախաձեռնութեամբ մի շարք հանդիպումներ են կայացել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, և դա բնական է, որ Ռուսաստանի նախագահն արտայայտում է իր ցանկութիւնը շարունակել այդ ջանքերը օգնելու կողմերին խնդրի կարգաւորման համար»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:

Aysor.am

0 Պատգամ: