Թոմաս Համարբերգ.–
Հրանտ Դինքը գազանային բռնութեան զոհ է

20:10 / 03.05.2010
ԶԼՄ-ներում պատկերի փոփոխութիւնը լրագրութեան ճգնաժամ է ստեղծում Եւրոպայում:
Այդ մասին յայտարարել է Եւրոպայի խորհրդի Մարդու իրաւունքների յանձնակատար Թոմաս Համարբերգը՝ Մամուլի ազատութեան օրւայ կապակցութեամբ:
«ԶԼՄ-ների պատկերը փոփոխւում է աննախադէպ արագութեամբ: Սեփականութեան կենտրոնացումը, թերթերի փակումը, խմբագրութիւնների կրճատումն ու վերափոխումը համընկնում են ինտերնետում չճշտւած տեղեկատւութեան չափից դուրս աճի հետ: ԶԼՄ-ների շուկաները դառնում են աւելի արագ, բայց առաջարկում են աւելի մակերեսային լուսաբանում: Լրագրութեան ճգնաժամը սպառնում է խնդիր դառնալ Եւրոպայում ժողովրդավարութեան համար»,- ասւած է յայտարարութեան մէջ:
Յանձնակատարը կարծում է, որ ԶԼՄ-ների նոր համապատկերում լրագրող-վերլուծաբանը, որը որակեալ տեղեկատւութիւն է առաջարկում, կարող է յայտնւել մեռնող տիպերի շարքում:
Յայտարարութեան մեջ նշւում են ազդեցիկ հետաքննող լրագրողների անուններ, որոնք դարձել են բռնութեան գազանային ակտերի զոհեր. Աննա Պոլիտկովսկաեան՝ Ռուսաստանում, Հրանտ Դինքը՝ Թուրքիայում, Գէորգի Գոնգաձէն Ուկրաինայում եւ Էլմար Հուսէյնովն Ադրբեջանում: «Նրանք բոլորն էլ աննախադէպ խիզախութիւն ցուցաբերեցին եւ իրենց նւիրեցին վիճայարոյց քաղաքական խնդիրներում ճշմարտութեան վերհանմանը: Նրանց մահւան դէպքերը կարող են միւս լրագրողներին աւելի զգուշաւոր դարձնել եւ ինքնաքննադատութիւն առաջացնել»,- ասել է Համարբերգն ու յաւելել. «Կառավարութիւնները պէտք է ցոյց տան, որ պատրաստ են պաշտպանել ԶԼՄ-ներին՝ ոչ միայն խօսքով, այլեւ կոնկրէտ գործողութիւններով: Որեւէ ջանք չպէտք է անտեսւի, ձերբակալելու եւ դատելու ոչ միայն փաստացի կատարողներին, այլեւ նրանց պատւիրատուներին», նշւած է ԵԽ Մարդու իրաւունքների յանձնակատարի յայտարարութեան մէջ:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: