Մեղրիի կարդիոլոգը պատերը բռնելով է աշխատանքի գնում.
Քննարկում սահմանամերձ բնակավայրերում մասնագէտների պակասի շուրջ

16:20 • 19.05.10
«Ես, օրինակ, մի գիւղում եղայ, որտեղ աշխարհագրութեան ուսուցիչը երեք առարկայ էր պարապում, որովհետև նրանք այդ առարկաների ուսուցիչներ չունէին»,– այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ–ական պատգամաւոր Ռուզան Առաքելեանը՝ խօսելով սահմանամերձ շրջաններում և բարձր լեռնային գօտիներում տարատեսակ մասնագէտների պակասի հիմնախնդրից։
Պատգամաւորը, որը յիշեալ բնակավայրերի երիտասարդների համար բուհական ուսուցումն անվճար դարձնելու օրէնսդրական նախագիծ է ներկայացրել ԱԺ, ահազանգեց երկրի սահմանամերձ բնակավայրերում մասնագէտների պակասի մասին։
«Չեմ ուզում չափազանցնել, բայց սահմանամերձ գօտիներում, բարձր լեռնային շրջաններում ուղղակի աղէտալի վիճակ է։ Դպրոցները տարէցտարի դատարկւում են»,– յայտարարեց Առաքելեանը։ Նրա խօսքով, հեռաւոր գիւղերում և բնակավայրերում բազմաթիւ մասնագէտների՝ առաւելապէս բժիշկների և ուսուցիչների կարիք կայ, մինչդեռ մայրաքաղաքի բուհերում տասնեակ մասնագէտներ են պատրաստւում։
«Հէնց այս պահին Մեղրիում կարդիոլոգը 73 տարեկան է։ Մարդը պատերը բռնելով գնում է աշխատանքի, իրաւունք չունի նոյնիսկ մեռնելու»,– նկատեց ասուլիսին ներկայ փորձագէտ Կարինէ Քոչարեանը։
Ի դէպ, դաշնակցական պատգամաւորը համոզւած է, որ գիւղերի վերաբնակեցման, արտագաղթի նւազեցման խնդիրները պէտք է լուծւեն օրէնքի ուժով։

Tert.am

0 Պատգամ: