ԵՄ-ն գոհ չէ Ադրբեջանի սահմանադրական փոփոխութիւններից


«Նախագահի անժամկէտ պաշտօնավարման դրոյթը և իշխանութեան այդ տեսակ հզօրացումը հակասում է Եւրոպայում գոյութիւն ունեցող հիմնական պրակտիկային»

2010 թ. մայիսի 12-ին Եւրոպական յանձնաժողովը հրապարակել է ԵՀՔ շրջանակներում 2009 թ. Ադրբեջանի առաջընթացի մասին զեկոյցները:
ԵՄ-ն բացասական է գնահանատում այդ երկրում 2009 թ. մարտի սահմանադրական փոփոխութիւնները` ընդգծելով, որ նախագահի անժամկէտ պաշտօնավարման դրոյթը և գործադիր իշխանութեան այդ տեսակ հզօրացումը հակասում է Եւրոպայում գոյութիւն ունեցող հիմնական պրակտիկային և յետընթաց է Ադրբեջանի համար:
2009 թ. դեկտեմբերին Ադրբեջանում անցկացւած /տեղական/ ընտրութիւնները զեկոյցում որակւում են, ընդհանուր առմամբ, որպէս խաղաղ և լաւ կազմակերպւած գործընթաց, սակայն նշւում է իրական քաղաքական քարոզարշաւի բացակայութիւնը, քարոզարշաւի համար եթերի անհաւասար բաշխումը և բնակչութեան ցածր ակտիւութիւնը:
Ըստ զեկոյցի` Ադրբեջանի տնտեսութիւնը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում աւելի քիչ է տուժել, քան այլ երկրներինը: ԵՄ-ն գոհունակութեամբ է անդրադառնում Ադրբեջան-ԵՄ էներգետիկ համագործակցութեանը` նշելով Հարաւային միջանցքի, ինչպէս նաև` Նաբուկօ ծրագրի շրջանակներում Ադրբեջանի ռազմավարական համագործակցութիւնը և առաջընթացը: Միաժամանակ զեկոյցում նշւում է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպուեանն անդամակցելու բանակցութիւններում Ադրբեջանը գրանցել է սահմանափակ առաջընթաց:
Չնայած Ադրբեջանը որոշ առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դէմ պայքարում, այնուամենայնիւ, կոռուպցիան լայնատարած երևոյթ է ադրբեջանական հասարակութեան բոլոր շերտերում, և դրա դէմ պայքարելու համար լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ: Զեկոյցում մտահգութեամբ նշւում են Ադրբեջանում անազատութեան մէջ պահւող անձանց նկատմամբ խոշտանգումները:
Անդրադառնալով մամուլի և արտայայտման ազատութեան հարցերին` ԵՄ-ն նշում է, որ 2009 թ. ընթացքում արտայայտւելու ազատութիւնն ու մամուլի ազատութիւնը վատթարացել են` ընդգծելով 2009 թ. Յունւարին օտարերկրեայ ռադիոհաղորդումների եթերի արգելումը` բնակչութեանը զրկելով տեղեկատւութեան այլընտրանքային աղբիւրից: Առանց լրագրողական շրջանակների և հասարակական կազմակերպութիւնների հետ նախնական քննարկման` 2009 թ. մարտին ԶԼՄ-ների մասին օրէնքի փոփոխութիւնը ԵՄ դիտում է` որպէս բացասական մօտեցում: Օրէնքի փոփոխութիւնները պետութեանը հնարաւորութիւն են տալիս միջամտելու ԶԼՄ-ների գործունէութեանը, որը չի համապատասխանում ԵԱՀԿ մամուլի ազատութեան չափանիշներին: ԵՄ-ն իր մտահոգութիւնն է արտայայտում և քննադատում է լրագրողներին վախեցնելու դէպքերը, նրանց նկատմամբ կասկածելի գործերի հարուցումը:
Այս համատեքստում ԵՄ-ն նշում է, որ 2009 թ. մարտին Ադրբեջանում քաղբանտարկեալների հարցերով ԵԽԽՎ-ի զեկուցողի նշանակումը և ընդգծում է, որ այս հարցը ԵՄ-ն կշարունակի բարձրացնել Ադրբեջանի իշխանութիւնների հետ իր շփումներում: Քաղաքացիական հասարակութեան վիճակի վերաբերեալ զեկոյցում նշւում է, որ ոչ կառավարական կազմակերպութիւնների մասին օրէնքի փոփոխութիւնները սահմանափակում են ՀԿ-ների գործունէութիւնը:
Աղբիւրը նշում է, որ հաւաքների ազատութեան սահմանափակումները մտահոգիչ են: Տեղական ինքնակառավարմանը վերաբերող սահմանադրական փոփոխութիւնները զեկոյցում քննադատութեան են ենթարկւում ԵՄ կողմից` դրանք դիտարկելով որպէս տեղական ինքանակառավարման մարմինների անկախ գործունէութեան խոչընդոտ:
ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգաւորման առումով նշւում են 2009 թ ակտիւացած շփումները, այդ թւում` նախագահների միջև կայացած 6 հանդիպումները: Շեշտւում է, որ հակամարտութեան կարգաւորման համար անհրաժեշտ են երկուստէք համարձակ քայլեր: Զեկոյցը նշում է, սակայն, որ ընդհանուր իրավիճակը մնում է մտահոգիչ:
2009 թ. ընթացքում Ադրբեջանը միացել է ընդհանուր արտաքին և անվտանգութեան քաղաքականութեան շրջանակներում ԵՄ 138 յայտարարութիւններից 56-ին:
19.05.2010, 17:25
Aysor.am

0 Պատգամ: