Թուրքական արտաքին քաղաքականութիւնը սխալւեց իր հաշւարկներում


17:00 • 05.05.10
Անկարան Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում չկարողացաւ ճիշտ հաշւարկել Ադրբեջանի հակազդեցութիւնը, ինչի արդիւնքում ստիպւած եղաւ յետքայլ անել:
Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տւած հարցազրոյցում յայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եւրոպական ծրագրի տնօրէն Սաբին Ֆրէյզերը:«Թուրքիան կարծում էր, որ կը կարողանայ շարունակել յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը առանց հաշւի նստելու Ադրբեջանի հետ, սակայն ադրբեջանցիները շատ կոշտ հակազդեցութիւն ցոյց տւեցին: Թուրքական արտաքին քաղաքականութիւնը չկարողացաւ այդ ամէնը ճիշտ հաշւարկել և այդ պատճառով այժմ ստիպւած է նահանջել»,- յայտարարել է Ֆրէյզերը` աւելացնելով, որ Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում արձանագրային գործընթացի սառեցումը մեծապէս վնասում է յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին:
Ֆրէյզերի կարծիքով` Թուրքիայում առկայ ներքաղաքական իրավիճակի պատճառով արձանագրութիւնների վաւերացումը մօտ ապագայում հնարաւոր չէ:«Թուրքիայում Սահմանադրական փոփոխութիւնների հետ կապւած քննարկումները դժւարեցնում են Հայաստանի հետ ստորագրւած արձանագրութիւնների վաւերացումը: Բացի այդ, վարչապետ Էրդողանը յայտարարել է, որ արձանագրութիւնները չեն վաւերացւի, քանի դեռ առաջընթաց չի գրանցւել Ղարաբաղեան հիմնախնդրում»,- նշել է Միջազգային ճգնաժամային խմբի եւրոպական ծրագրի տնօրէնը:
Միւս կողմից Սաբին Ֆրէյզերը յոյս է յայտնել, որ հակառակ արձանագրային գործընթացում առկայ բացասական զարգացումներին, հնարաւոր է` գրանցւեն դրական զարգացումներ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում:«Ներկայ պահին պէտք է հանգիստ թողնել արձանագրութիւնները և կենտրոնանալ հնարաւոր սցենարների վրայ: Օրինակ` առաջնայնութիւն տալ Հայաստանի և Թուրքիայի միջև դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանը: Իմ կարծիքով` դա հնարաւոր է իրականացնել: Երկու երկրների առաջնորդները վերջին 1,5 տարւայ ընթացքում մի քանի անգամ հանդիպել են: Իսկ դա կարող է վերածւել իրական դիւանագիտական յարաբերութեան: Սահմանների ճանաչումը նոյնպէս կարող է նպաստել դրան»,- ասել է Սաբինա Ֆրէյզերը:

Tert.am

0 Պատգամ: