Գերմանացի փորձագէտ.–
ԼՂՀ-ն պէտք է մասնակցի Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին


16:21 / 01.05.2010
Մենք կարող ենք ապրել խաղաղութեան եւ համաձայնութեան մթնոլորտում։ Պատմութիւնը դրա ապացոյցն է ։ Բաքւի կենտրոնում վեր է խոյանում հայկական եկեղեցի։ Մենք հրաւիրում ենք Հայաստանին խաղաղութիւն կնքելու…
Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտութիւնների կենտրոնի ղեկավար Էլհան Նուրիեւը գերմանական Deutsche Welle լրատւամիջոցին տւած հարցազրոյցում դժգոհել է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում Եւրոպայի որդեգրած դիրքորոշումից, քանի որ եւրոպական հանրութիւնը «խնդրի շուտափոյթ լուծման համար անհրաժեշտ ճնշում չի գործադրում Երեւանի վրայ»։
Նրա համոզմամբ, Եւրոպան երկակի ստանդարտների քաղաքականութիւն է վարում, ինչը 21-րդ դարում պարզապէս անբարոյականութիւն է։ Ըստ Նուրիեւի՝ եւրոպացիների զսպւած դիրքորոշումը հնարաւոր է պայմանաւորւած լինի տարածաշրջանի յատուկ աշխարհաքաղաքական իրավիճակով եւ հակամարտող կողմերի շահերի բախման վախով։ Միաժամանակ Նուրիեւը Հայ առաջնորդներին մեղադրեց «քաղաքական կուրութեան մէջ»։ «Ես դեռ ոչ մի անգամ չեմ լսել, որ գոյութիւն ունի Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հայկական ռազմավարութիւն»,-ասել է Նուրիեւը։
Իր հերթին էլ Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական բարեփոխումներ» կուսակցութեան նախագահ Ասիմ Մոլլազադէն քննարկմանը ներկաներին հաւաստիացրել է, որ Բաքուն արդէն վաղուց պատրաստ է հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը՝ անշուշտ հաշւի առնելով նաեւ Ադրբեջանի շահերը։ «Մենք կարող ենք ապրել խաղաղութեան եւ համերաշխութեան մթնոլորտում։ Պատմութիւնը դրա ապացոյցն է։ Բաքւի կենտրոնում վեր է խոյանում հայկական եկեղեցի»,- ընդգծեց նա՝ յաւելելով. «Մենք հրաւիրում ենք Հայաստանին խաղաղութիւն կնքելու»։
Ադրբեջանցի փորձագէտները նշել են, որ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը կնպաստի ոչ միայն Հարաւային Կովկասում իրավիճակի կայունացմանը, այլեւ դուրս կբերի Ադրբեջանից մեծ ֆինանսական միջոցներ։ «Լեռնային Ղարաբաղի պատճառով մենք ստիպւած ենք մեծ գումարներ ծախսել պաշտպանութեան վրայ, իսկ աւելի լաւ կլինէր դրանք ծախսել սոցիալական ծրագրերի եւ կրթութեան, մարդկանց կենսամակարդակի բարելավման վրայ»,- Deutsche Welle-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական բարեփոխումներ» կուսակցութեան նախագահ Ասիմ Մոլազադէն։
Իր հերթին՝ Բեռլինի գիտութեան եւ քաղաքագիտութեան հիմնադրամի փորձագէտ Ուվէ Հալբախը, ով մասնակցում էր «Նոր աշխարհաքաղաքական եւ տնտեսական համագործակցութիւնը Հարաւային Կովկասում. Հայեացք Ադրբեջանից» թեմայով Բեռլինում կայացած խորհրդաժողովին, Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին Ղարաբաղեան կողմի չմասնակցելն անթոյլատրելի է համարել։
Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան արտգործնախարարութեան Հարաւային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի ղեկավար Եոհանէս Ռեգենբրեխտը յայտարարել է, որ ակնյայտ է՝ կողմերը բաւականաչափ պատրաստակամ չեն փոխզիջումների գնալու, եւ դա խոչընդոտում է հակամարտութեան կարգաւորման առաջընթացին։ Նա առաջարկել է համաձայնագիր պատրաստել, որով պէտք է դուրս բերւեն հայկական կողմից վերահսկւող տարածքներում եղած զօրքերը։
Նրա յայտարարութեանը յաջորդել է Լէյպցիգի համալսարանի Հայ ուսանողի դիտարկումը։ Վերջինս քննարկմանը ներկայ ադրբեջանցիներին հարցրել է, թէ ինչպէս ադրբեջանցիները կարող են խօսել խաղաղութեան մասին, երբ Բաքուն խոչընդոտում է Հայ-թրքական սահմանի բացումը։

NEWS.am

0 Պատգամ: