Աշխարհը` Արարատի լանջին.
Շանգհայում Հայաստանը ներկայացրել է Գէոպոլիսի մակետը

22:00 • 30.04.10
Չինական Շանգհայ քաղաքում այսօր մեկնարկած «Էքսպօ-2010» համաշխարհային ցուցահանդէսում Հայաստանի տաղաւարը տեղակայւած է եւրոպական միացեալ տաղաւարների տարածքում:
500 քմ ընդհանուր մակերեսով տաղաւարում զետեղւած «Միտք և ժամանակ» խորագրով ցուցասրահով «Շանգհայ Էքսպօ 2010»-ի շրջանակում Հայաստանը աշխարհին ներկայացնում է հայկական ազգային քաղաքաշինական մտքի ներդրումը մարդու կենսական քաղաքակիրթ տարածութեան ձևաւորման մէջ, և քննարկման է ներկայացնում առաջարկ` մարդկութեան պատմութեան մէջ առաջին անգամ համատեղ ուժերով Արարատ լեռան լանջին կառուցել Գէոպոլիս (Աշխարհի Քաղաք), որի վրայ ժամանակը չի կարող իշխել:
Հայկական ցուցասրահը մի քանի հիմնական բաղադրիչներ ունի: Դրանցից առաջինը` կենտրոնականը, Գէոպոլիսի թափանցիկ մակետն է, որի գլխաւոր յատակագծի սխեման` Կենաց ծառի տեսքով, նախատեսում է ինչպէս ազգային թաղամասերի (հայկական, ռուսական, ֆրանսիական, չինական, ամերիկեան, հնդկական և այլն) ստեղծում, այնպէս էլ հասարակական տարածքների ստեղծում (Երաժշտութեան հրապարակ, Ժամանակի հրապարակ և այլն): Ազգային թաղամասերը, ըստ սխեմայի, կազմւած են 5-7 մոդուլային համալիրներից` կատարւած իւրաքանչիւր ազգին բնորոշ ճարտարապետական ոճով:
Ցուցասրահի երկրորդ բաղադրիչը` «ազգերի կլօր սեղանը», տեղադրւած է մակետի շրջագծով: Դրա վրայ շրջանով մէկ տեղադրւած են ակտիւ մոնիտորներ քաղաք վիրտուալ մուտքի համար: Ցուցահանդէսի այցելուները կարող են մուտք գործել քաղաքի կենտրոնական էլէկտրոնային կայք և իրենց ցանկութիւնները թողնել վիրտուալ «Աշխարհի մատեանում»:
Ցուցասրահի երրորդ բաղադրիչը շրջագծով տեղադրւած, հայկական խաչքարերին ոճանմանեցւած պատերի սալաքարերն են: Դրանց վրայ յատուկ պատրաստւած, լուսաւորւած որմնախորշերում տեղադրւած են բազմաթիւ հայկական յուշարձանների և ճարտարապետական կառոյցների պատկերները` սկսած հին ժամանակներից մինչև մեր օրերը:
Իսկ չորրորդ բաղադրիչը կիսաշրջան ճակատային համապատկերի պատն է` Արարատ լեռան պատկերով: Հէնց Արարատի այս համապատկերի ֆոնի վրայ էլ ցուցադրւում է Գէոպոլիսի մակետը:
Տաղաւարի մուտքի մօտ տեղակայւած է կոմերցիոն հատւածը, որտեղ այցելուները կը կարողանան ձեռք բերել տարբեր ապրանքներ, ինչպէս նաև` համտեսել հայկական հողի բարիքները:
Ցուցահանադէսի ընթացքում Հայաստանի տաղաւարում տեղի կունենան բազմաթիւ միջոցառումներ: Մասնաւորապէս «Ծիրանի այգի» միջոցառման ժամանակ այցելուները հնարաւորութիւն կունենան տեսնելու ծիրանենու ծաղկումը, համտեսելու ծիրանը և ունկնդրելու հայակական դուդուկի մեղեդիներ: Իրենց արտադրանքը կը ներկայացնեն Հայ ոսկերիչները, գինէգործները, կոնեակագործները,
«Տեխնոլոլգիաների օր» միջոցառման ընթացքում տեղի կունենայ հայկական մտաւոր կարողութիւնների ցուցադրում` շախմատից մինչև բարձր տեխնոլոգիայ և գիտական արտադրանք:
Սեպտեմբերի 21-ին «Շանգհայ Էքսպօ 2010» ցուցահանդէսի շրջանակներում կանցկացւի Հայաստանի ազգային օրւայ տօնակատարութիւն: Այդ օրը կներկայացւի հայկական մշակոյթը, կը կայանան բազմաթիւ մշակութային իրադարձութիւններ` ցուցահանդէսներ, բեմականացումներ և այլն: Ազգային օրւայ շրջանակներում նախատեսւում է ՀՀ պաշտօնական պատւիրակութեան այց «Շանգհայ Էքսպօ 2010»:
Յիշեցնենք, որ ՉԺՀ ղեկավար Հու Ձինտաոյի հրաւէրով Շանգհայի համաշխարհային ցուցահանդէսի բացման արարողութեանը մասնակցելու նպատակով Չինաստան է մեկնել նաև ՀՀ նախագահը:



Tert.am

0 Պատգամ: