Հայ-թրքական բանակցային սեղանին դրւած է նո՞ր փաստաթուղթ

15:46 • 20.05.10
Երևան-Անկարա բանակցային սեղանին դրւած է նոր փաստաթուղթ:
Այս մասին, թրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, Վաշինգտոնում յայտարարել է Թուրքիայի «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեան արտաքին յարաբերութիւնների հարցերով փոխնախագահ, Թուրք-ամերիկեան բարեկամութեան խմբի նախագահ Սուաթ Քընըքլըօղլուն` ելոյթ ունենալով Միացեալ Նահանգների Մերձաւորարևելեան ինստիտուտում կազմակերպւած «Թուրքիայի հարևանութեան քաղաքականութիւնը և Մերձաւոր Արևելքը» խորագրով գիտաժողովին:
Տեղեկացնելով, թէ Երևանի և Անկարայի միջև պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել որոշ ժամանակ «լուռ մնալ» և քննարկել այն, ինչ առկայ է «բանակցային սեղանին», նա յայտարարել է.
«Սեղանին բոլորովին այլ բան է դրւած: Չեմ մանրամասնի, սակայն կասեմ` հրաշալի առաջարկութիւն է, և դրա ընդունւել-չընդունւելու հարցը հիմնականում կախւած է հայկական կողմից»:
Քընըքլըօղլուն յայտարարել է նաև, որ ինքը միշտ աջակցել և շարունակելու է աջակցել Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին. «Որովհետև հաւատում եմ, որ դա փոխելու է ողջ Հարաւային Կովկասը»,- նշել է Քընըքլըօղլուն` աւելացնելով, որ յարաբերութիւնների կարգաւորումը հնարաւոր է հայերի և թուրքերի քաղաքական կամքի առկայութեան դէպքում, իսկ «արտաքին դերակատարների հարցին միջամտելու փորձերը ամենևին էլ չեն նպաստելու խնդիրների կարգաւորմանը»:Սուաթ Քընըքլըօղլուն, յայտարարել է նաև, որ Հայ-թրքական յարաբերութիւնների և Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացները «միմեանց սնող երկու զուգահեռ գործընթացներ են»:

Tert.am

0 Պատգամ: