ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ -

Կիրօ Մանոյեան.-

«Պէտք է հասկանալ, թէ ինչու է Մոսկւան որոշել հէնց
հիմա երկարաձգել ռազմայենակի գործունէութեան
ժամկէտը»




«Tert.am» - «Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւնների սերտացումը մինչեւ վերջին 8-10 ամիսները բաւական դրական զարգացումներ է ունեցել, եթէ համեմատենք դրան նախորդող շրջանին, երբ կարծէք Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւններն այդքան էլ փայլուն չէին. Ռուսաստանի ղեկավարութեան կողմից կարծես կար անհասկացողութիւն կամ անորոշութիւն Հայաստանի նոր իշխանութիւնների վարած քաղաքականութեան նկատմամբ»,- օրերս կայացած մամուլի ասուլիսում յայտարարեց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը:Ըստ նրա՝ հայ-ռուսական յարաբերութիւնների սերտացման վկայութիւնն է նաեւ Հայաստանում ռուսական ռազմայենակների ժամկէտի երկարաձգման առաջարկը, սակայն այդ փաստն ինչ-որ տեղ նաեւ անհասկանալի է, որովհետեւ դրա հիմնաւորումը հրապարակւած չէ: Կ. Մանոյեանի ասութեամբ՝ ռուսական ռազմայենակների գործունէութեան պայմանագրի աւարտին դեռ 10 տարի կայ, եւ անհասկանալի է այն արդէն այսօր երկարաձգելու Ռուսաստանի շտապողականութիւնը. «Անհրաժեշտ է հասկանալ, թէ այդ երկարաձգումն ինչ հիմնաւորումներով է տեղի ունենում: Եթէ բաւարար հիմնաւորւած չէ, ապա կարող է ինչ-որ տեղ մտահոգութեան պատճառ դառնալ, ներքաղաքական դաշտում ոմանց մօտ արդէն այդ մտահոգութիւններն արտայայտւել են»:Թէ ինչու է Ռուսաստանը որոշել երկարաձգել ռազմայենակների գոյութեան ժամկէտը՝ Կիրօ Մանոյեանը դժւարացաւ ասել՝ նշելով, թէ այդ առնչութեամբ կարող է միայն ենթադրութիւններ անել: Ըստ նրա ենթադրութեան՝ հաւանական է, որ այժմ ռուս-հայկական յարաբերութիւններում «յարմար պահ է», եւ Ռուսաստանը որոշել է այսօր կարգաւորել ռազմայենակների երկարաձգման հարցը: ՀՅԴ-ի գործչի ասութեամբ՝ ռուսական իշխանութիւնները գուցէ որոշել են այսօր լուծել ռազմայենակների ժամկէտի երկարաձգման խնդիրը՝ չսպասելով 10 տարի, երբ կը լրանայ պայմանագրի ժամկէտը:ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավարն անդրադարձաւ նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 համակարգեր վաճառւելու տեղեկութեանը՝ նշելով. «Ռուսաստանը փորձում է տարածաշրջանում ընդհանուր առմամբ պահպանել խաղաղութիւն կամ կայունութիւն, սակայն եթէ դա պէտք է լինի միայն Ռուսաստանի ճիգով եւ ոչ թէ միջազգային համակարգւած ջանքերի արդիւնքում, դա կարող է նաեւ իր բացասական հետեւանքներն ունենալ»: Ըստ Կ. Մանոյեանի՝ տարածաշրջանում մէկ ուժի գերիշխումը բերել է տարածաշրջանի պետութիւնների շահերի ոտնահարման, մինչդեռ տարբեր ուժերի մրցակցութիւնը տարածաշրջանում հաւասարակշռութիւն կը պահպանի:Այն հարցին, թէ արդեօք Ռուսաստանի նախագահի հայաստանեան այցի ժամանակ ՀՀ նախագահը պէտք է C-300 համակարգերի վաճառքի առնչութեամբ դժգոհութի՞ւն արտայայտի, Կիրօ Մանոյեանը պատասխանեց, որ Հայաստանի նախագահը կարող է ընդամէնը մտահոգութիւն յայտնել, բայց Ռուսաստանն ու Հայաստանը չունեն այնպիսի պայմանագիր, որ կողմերից որեւէ մէկին արգելում է զէնք վաճառել մի այլ երկրի:


0 Պատգամ: