Monday, August 30, 2010

Սերժ Սարգսեան

Սերժ Սարգսեան.-
Մենք պէտք է օգտւենք Ադրբեջանի
թոյլ տւած կոպիտ սխալից

11:50 • 30.08.10
Սերժ Սարգսեանը, ով այս օրերին Արցախում է, այցելել է Ստեփանակերտի թիւ 11 դպրոց։ Դպրոցի ուսուցիչներից մէկի հարցին թէ «Այսօր Արցախի Հանրապետութիւնը զարգանում և բարգաւաճում է, մենք մեր ձեռքերով կառուցում ենք մեր Հանրապետութիւնը: Բայց Ադրբեջանն այսօր ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպութիւններում, առիթը բաց չթողնելով, փորձում է նորանոր բանաձևեր առաջ քաշել` դրանով իսկ փակելով միջազգային հանրութեան աչքերը: Մինչև ե՞րբ է Ադրբեջանը շարունակելու քաղաքական տւեալ կուրսը և չեն հասկանո՞ւմ, վերջապէս, որ սա այլ Հանրապետութիւն է, և նրանց հետ ոչ մի կապ չունի», Սերժ Սարգսեանը պատասխանել է.
«Լաւ կլինի, որ այս հարցը Ալիևին տաք, որովհետև ես չեմ կարող Ադրբեջանի քաղաքականութեան համար պատասխանատու լինել: Ես առաւելագոյնը կարող եմ պատասխանատու լինել Հայաստանի և, ինչ-որ չափով, մեր ժողովրդի տարբեր հատւածների կողմից իրականացւող քաղաքականութեան համար: Միւս կողմից, ես զարմանում եմ, որ Դուք զարմանում էք Ադրբեջանի գործողութիւնների, քայլերի առիթով և մի քիչ էլ զարմանում եմ, որ անհանգստանում էք: Միգուցէ, պէտք է անհանգստանալ, բայց այդ անհանգստութիւնը որևէ ազդեցութիւն չպէտք է ունենայ ձեր գործունէութեան վրայ: Ձեր խնդիրը երեխայ կրթելը, դաստիարակելն է, նրանց մէջ հայրենասիրական որակների ամրապնդումը, բարձր գիտելիքների նկատմամբ մեծ ցանկութիւն դաստիարակելն է և ոչ միայն դպրոցում, այլ որպէսզի նրանք, ընդհանրապէս, կեանքում միշտ ձգտեն իրենց գիտելիքն աւելացնել: Պատասխանատուները, ովքեր զբաղւում են այդ խնդրով` զբաղւում են քաղաքականութեամբ, կարծում եմ, լուծումներ կգտնեն:
Իսկ հիմա աւելի կոնկրետ`այո, հաւաստի տեղեկութիւններ կան, որ ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխաւոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու մի բանաձև (ամենայն հաւանականութեամբ, սեպտեմբերի 9-ին), որի ընդունւելը կամ չընդունւելը չի կարող էական ազդեցութիւն ունենալ Արցախի և Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կեանքում, ո′չ էլ անվտանգութեան բնագաւառում: Այդ բանաձևին, հաւանաբար, կողմ կը քւէարկեն մի քանի տասնեակ երկրներ: Թերևս այն երկրները, որոնք մշտապէս համերաշխութիւն են ցուցաբերում Ադրբեջանի հետ. առաջին հերթին դրանք Իսլամական կոնֆերանսի կազմակերպութեան երկրներն են: Բայց վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպէսզի այդ հարցը լուծւի խաղաղ ճանապարհով և բանակցութիւնների միջոցով, դէմ են քւէարկելու այս բանաձևին: Առնւազն, գոնէ ձեռնպահ են մնալու, որովհետև նրանք շատ լաւ գիտակցում են, որ այդպիսի բանաձևերի ընդունումը չի կարող որևէ դրական ազդեցութիւն ունենալ բանակցային գործընթացի վրայ:
Սա` մի հանգամանք, և երկրորդ հանգամանքը, կարծում եմ, որ շատ շատերի համար պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թոյլ տալիս, և այդ կոպիտ սխալը մենք պէտք է օգտագործեք մեր նպատակներին հասնելու համար: Ակնյայտ է, որ մեր կողմից ևս քայլեր կլինեն, և այդ քայլերը մեզ կմօտեցնեն մեր նպատակին:
Բայց, նորից եմ խնդրում, որ ինձ հարցնէք մեր գործունէութեան մասին, իսկ մեր գործունէութիւնը մշտապէս պէտք է ուղղւած լինի նրան, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև մնացած երկրները համոզւած լինեն, որ հետդարձի ճանապարհ չկայ, որ որևէ կերպ բացառւում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ, որ Արցախն արդէն իսկ կայացած պետութիւն է, միգուցէ` փոքր, միգուցէ`դեռևս պրոբլեմներով լի, բայց պետութիւն է, և այս պետութիւնն ամրապնդւելու, զարգանալու է:
Գիտէք, դուք երեխաներին բացատրում էք, որ տարին ունի չորս եղանակ, և որևէ մէկը չի կարող փոփոխել դա: Ուզես, թէ չուզես, գարնանը յաջորդում է ամառը, ամռանը` աշունը, աշնանը` ձմեռը: Եւ այդպէս էլ անփոփոխելի է մեր ընթացքը: Այս ընթացքը շարունակւելու է: Նորից վերադառնամ խնդրին, դուք ձեր ճակատում պէտք է շարունակէք պայքարը, մենք` մեր ճակատում, սպաները, զինւորները` իրենց ճակատում: Եւ եթէ մենք կարողանանք մեր բնագաւառներում յաջողութեան հասնել, այն ժամանակ կարող ենք ասել, որ մեր պրոբլեմները քչանում են»։
Tert.am

0 Պատգամ: