Հայաստան-Ռուսաստան.

Թւեր Եւ Փաստեր



Օգոստոս 20, 2010 08:06
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը օգոստոսի 19-ին պետական այցով ժամանել է Հայաստան: Պէտք է նշել, որ հայկական կողմը Ռուսաստանի նախագահին դիմաւորում է ամենաբարձր մակարդակով:
Ի դէպ, ըստ Հայ դիւանագէտների, Մոսկւան ոչ պակաս ուշադրութիւն է յատկացնում Հայաստանի նախագահի այցերին Ռուսաստան: Այսկերպ, Հայաստանն իր հերթին ընդգծում է այն կարեւորագոյն դերը, որ Ռւսաստանը խաղում է իր քաղաքական-տնտեսական կեանքում:
Առաջին, Ռուսաստանը Հայաստանի տնտեսութեան մէջ ամենախոշոր ներդրողն է: Պաշտօնապէս, Հայաստանում ռուսական կապիտալով 1250 ձեռնարկութիւն է գրանցւած: Հայաստանի անկախացումից ի վեր ռուսական ներդրումների ծաւալը երկրի տնտեսութեան մէջ կազմել է աւելի քան 3 միլիարդ դոլար:
Էներգետիկ ոլորտում Հայաստանի համար գերակայ է ատոմակայանը, որը աշխատում է ռուսական ատոմային վառելիքով: ԱԷԿ-ը կառավարման է յանձնւել ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ին 2003թ.-ից: Ռուսաստանի նախագահի այցի շրջանակներում ծրագրւում է ստորագրել Հայաստանում ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման պայմանագիրը: Նշենք, որ ԱԷԿ-ը տալիս է Հայաստանի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը: Բացի այդ, Ռուսաստանին է պատկանում Սեւան-Հրազդանի ՀԷԿ-ը, Հրազդանի ՋԷԿ-ը (էներգիայի 30 տոկոսը):
Գազային ոլորտը եւս զերծ չի մնացել ռուսների ուշադրութիւնից: 1997թ. ստեղծւել է «Հայ–ռուսգազ–արդ» ընկերութիւնը, որը մենատէր է Հայաստանում ռուսական գազի վաճառքի ոլորտում: 2007թ. Ռուսաստանը Հայաստան է առաքել 2,05 միլիարդ խորանարդդ մետր (متر مکعب)գազ: 2010թ. ապրիլի 1-ից ռուսական երկնագոյն վառելիքի գինը կազմում է 180 դոլար հազար խմ-ի դիմաց:
2008թ. հայկական երկաթուղիները յանձնւել են «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարմանը` 30 տարով: «Ռուսական երկաթուղիների» ներդրումների ծաւալը 2010թ. յուլիսի դրութեամբ կազմել է 500 մլն դոլար: 2007թ. հայկական երկաթգծով ներմուծւած ապրանքների ծաւալը աճել է 9 տոկոսով, կազմելով 2,97 մլն դոլար: Ըստ պայմանագրի, ՌԵՈՒ-ն պարտաւոր է հայկական երկաթուղում ներդնել 570 մլն դոլար: Ընդ որում, հայ-թուրքական սահմանի բացման դէպքում, 2009-ին ներդրումների ծաւալը պէտք է կազմեր 184 մլրդ դրամ: Հայ-ադրբեջանական սահմանի բացման դէպքում 2010-ին ռուսական ներդրումների ծաւալը պէտք է կազմեր 538 մլրդ դրամ, իսկ աբխազական երկաթուղու բացման դէպքում, ներդրումների ծաւալը կհասներ 641 մլրդ դրամի:
«Հայկական էլեկտրացանցեր» ընկերութեան բաժնէտոմսերի 100 տոկոսի սեփականատէրը ռուսական «Ինտեր ՌԱՈ ԵԷՍ» ընկերութիւնն է, որի սեփականատէրն իր հերթին, 2008-ի ապրիլից «Ռոսատոմ» պետական կորպորացիան է: «Հայկական էլեկտրացանցեր»-ը սպասարկում է շուրջ 913 հազար սպառողների:
Երկրորդ. Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում Հայաստանի անվտանգութեան ապահովման գործում: Հայաստանում է գտնւում ռուսական 102-րդ ռազմաբազան, որն իր մէջ ներառում է 3 մոտո–հրաձգային գունդ (123-րդը` Երեւանում, 124-րդն ու 128-րդը` Գիւմրիում), 992-րդ հրետանային գունդը, 988-րդ զէնիթահրթիռային գունդը, 116-րդ առանձին տանկային գումարտակը, 772-րդ առանձին հետախուզական գումարտակը: Էրեբունի օդնաւակայանում տեղակայւած 426-րդ աւիացիոն խմբի կազմում ընդգրկւած են 18 ՄԻԳ-29 կործանիչներ: Ընդհանուր առմամբ, այստեղ ռուսական զօրքերի կազմում կայ 100 տանկ, շուրջ 300 զրահամեքենա, հրէտանային համակարգեր եւ տարբեր տիպի զենիթահրթիռային համալիրներ: Ռուսական ռազմաբազայում զինւորների թւաքանակը կազմում է 4-5 հազար:
Ռուսաստանի նախագահի Երեւան այցելութեան ընթացքում նախատեսւում է արձանագրութիւն ստորագրել, որով առնւազն 49 տարով երկարաձգւում է ռուսական ռազմաբազայի Հայաստանում տեղակայման ժամկէտը: Բացի այդ, ռուսաստանեան ռազմակայանը Հայաստանի տարածքում գտնւելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի շահերի պաշտպանութեան գործառոյթների իրականացումից, Հայաստանի Զինւած Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի անվտանգութիւնը: Նշւած նպատակներին հասնելու համար ռուսական կողմն աջակցութիւն է ցուցաբերում Հայաստանին արդիական եւ համատեղելի սպառազինութեամբ, ռազմական (յատուկ) տեխնիկայով ապահովելու գործում: Ռուսաստանը հսկում է Հայ-թրքական սահմանը (ընդհանուր առմամբ 345 կիլոմետր) եւ հայ-իրանական սահմանը (45 կիլոմետր):
Երրորդ. Ռուսաստանը ԼՂ խնդրի կարգաւորմամբ զբաղւող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: 2008-ի նոյեմբերի 2-ին Մոսկւայում Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցութեամբ: Բանակցութիւնների արդիւնքում ընդունւել է հռչակագիր, որտեղ սահմանւում են ԼՂ խնդրի կարգաւորման սկզբունքները: Սա առաջին հռչակագիրն էր հրադադարի ստորագրումից ի վեր: Նման ձեւաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2010-ի յունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: