Մեդվեդևը «Զւարթնոց» Օդանաւակայանից Ուղղակի

Մեկնեց Ծիծեռնակաբերդ



20:05 • 19.08.10
Սերժ Սարգսեանի հրաւէրով պետական այցով քիչ առաջ Երևան ժամանեց Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդվեդևը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի հետ:
Զւարթնոց միջազգային օդանաւակայանում տեղի ունեցաւ Դմիտրի Մեդվեդևի դիմաւորման պաշտօնական արարողութիւնը: Ռուսաստանի նախագահին դիմաւորեցին Սերժ Սարգսեանը տիկնոջ` Ռիտա Սարգսեանի հետ:
ՌԴ Նախագահի գլխաւորած պատւիրակութեան կազմում են արտաքին գործերի նախարար Սերգէյ Լավրովը, պաշտպանութեան նախարար Անատոլի Սերդիւկովը, տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցութեան հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինը, ՌԴ Հիւսիս-արևմտեան դաշնային շրջանում ՌԴ Նախագահի լիազօր ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը, Ուլյանովսկի նահանգապետ Սերգէյ Մորոզովը, պաշտօնատար այլ անձինք:
Հէնց օդանաւակայանից Ռուսաստանի նախագահը մեկնեց Մեծ Եղեռնի յուշահամալիր: Այստեղ Դմիտրի Մեդվեդևը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի յուշարձանին և այցելեց Յիշողութեան պուրակ, որտեղ իր նախկին այցելութեան ժամանակ եղևնի էր տնկել:
Ծաղկեպսակի զետեղման արարողութիւնից յետոյ նախագահական աւտոշարասիւնը ուղևորւեց Բաղրամեան 26: Հայաստանի նախագահի նստավայրում Սերժ Սարգսեանի և Ռիտա Սարգսեանի անունից կտրւի պաշտօնական ընթրիք` Ռուսաստանի նախագահի և տիկին Մեդվեդևայի պատւին:
Օգոստոսի 20-ին նախատեսւում է ՀՀ և ՌԴ նախագահների առանձնազրոյց, որին կյաջորդեն երկու երկրների պատւիրակութիւնների մասնակցութեամբ ընդլայնւած կազմով բանակցութիւններ: Կստորագրւեն հայ-ռուսական ռազմավարական համագործակցութեան զարգացմանն ու ամրապնդմանն ուղղւած մի շարք պայմանագրեր և համաձայնագրեր: Այնուհետև տեղի կունենայ Սերժ Սարգսեանի և Դմիտրի Մեդվեդեւի համատեղ մամուլի ասուլիսը:
ՌԴ նախագահի պետական այցի շրջանակներում կայցելի Գիւմրի` մասնակցելու «Պատւոյ Բլուր» յուշահամալիրի բացման հանդիսաւոր արարողութեանը:
Պետական այցի աւարտին ՌԴ նախագահը կմասնակցի նաև Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան անդամ երկրների ղեկավարների` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացւելիք ոչ պաշտօնական գագաթնաժողովին:
Tert.am

0 Պատգամ: