Թուրքիան ձևացնում է՝ համակարծիք են Հայ
թուրքագէտները
15:50 • 28.08.10
«Դա Թուրքիայի հերթական դեմագոգիկ յայտարարութիւնն է, որը կապ չունի իրականութեան հետ և տրամաբանութիւնից դուրս քայլ է»,- Tert.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը՝ անդրադառնալով թուրքական կողմի՝ ԱՄՆ աջակցութեամբ Հայ-թրքական յարաբերութիւնները վերակենդանացնելու փորձերին։
Յիշեցնենք, որ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխաւորութեամբ Թուրքիան այս շաբաթ պատւիրակութիւն է ուղարկել Վաշինգտոն, որտեղ մի շարք հարցերի թւում ԱՄՆ վարչակազմի հետ քննարկւել են նաև Հայ-թրքական յարաբերութիւնները։ Մասնաւորապէս, թուրքական պատւիրակութիւնն ԱՄՆ վարչակազմին խնդրել է միջամտել և վերակենդանացնել Հայ-թրքական հաշտեցման գործընթացը։
Ըստ Մելքոնեանի, Հայ-թրքական գործընթացը հասել էր լուրջ մակարդակի. արձանագրութիւններ էին ստորագրւել։ «Թուրքական կողմին մնում էր միայն քաղաքական կամք դրսևորել և վաւերացնել արձանագրութիւնները, այլ ոչ թէ զբաղւել տարատեսակ շահարկումներով»,- ընդգծեց Մելքոնեանը։
Թուրքագէտ Արտակ Շաքարեանը նոյնպէս կարծում է, որ Անկարան անկեղծօրէն չի ցանկանում կարգաւորել Հայ-թրքական յարաբերութիւնները, պարզապէս ձևացնում է։ «Այս, ինչպէս նաև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման քայլերով թուրքերը պատրաստւում են հոկտեմբերին՝ Հայ-թրքական արձանագրութիւնների ստորագրման 1-ամաակին, քանի որ այդ ժամանակ բոլորը խօսելու են, որ Թուրքիան է ձախողել գործընթացը»,- նշեց թուրքագէտը։ Շաքարեանի խօսքով՝ Թուրքիան այս քայլով նախապատրաստւում է նաև հոկտեմբերին հրապարակւելիք Եւրամիութեան առաջընթացի մասին զեկոյցին, որում այդ երկրի մասին վատ կարծիք է հնչելու։
ՀՀ ԳԱԱ արևելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը նոյնպէս լուրջ չի ընդունում թուրքական կողմի այդ քայլը։ «Վերջերս Դաւութօղլուն յայտարարեց, որ անգամ ՆԱՏՕ-ի վարժանքների համար Հայ-թրքական սահմանը ժամանակաւորապէս չի բացւի։ Թուրքական կողմը պէտք է քայլեր անի, բայց հակառակը՝ ոչ մի քայլ չի անում»,- ընդգծեց Սաֆրաստեանը։
Նրա խօսքով՝ սա թուրքական կողմի հերթական փորձն է՝ խաղի մէջ մտնել ամերիկեան կողմի հետ և առաւելութիւններ ստանալ։

Tert.am

0 Պատգամ: