Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան Նախարարութիւն.–
Ադրբեջանցի զինւորն աւելի պաշտպանւած է
Ղարաբաղում, քան Ադրբեջանում
Օգոստոս 31, 2010 12:44
Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախարարութիւնն անդրադարձել է ադրբեջանցի զինւորի ինքնակամ յանձնւելու փաստին ադրբեջանական լրատւամիջոցների եւ փորձագէտների արձագանքին եւ նշել. «Օգոստոսի 27-ին Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիսային ուղղութեամբ տեղակայւած հայկական դիրքապահներին, ադրբեջանական բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հուսեյնովի կամաւոր յանձնւելու փաստին, Բաքւի լրատւամիջոցներն արձագանքեցին մի շարք իրարամերժ մեկնաբանութիւններով»:
«Իսկ որոշ այսպէս կոչւած, «ռազմական փորձագէտներ», կատարւածը շտապեցին ներկայացնել ոչ այնպէս, ինչպէս իրականում եղել է:
«Մեզ միանշանակ յայտնի է, որ Հուսեյնովը չի անցել հակառակորդի կողմը, այլ նրան գերի են վերցրել», - գրել է ադրբեջանցի «ռազմական փորձագէտ» Ուզեիր Ջաֆարովը: Դեռ աւելին, վերջինս, ամենայն հաւանականութեամբ, հիմք ընդունելով սեփական երկրում գերիների ու պատանդների հանդէպ դրսեւորւող աւանդական «գործելաոճը», չի բացառում, նաեւ, որ «հայերը բռնութիւն գործադրելու միջոցով կստիպեն նրան հանդէս գալ հայկական հեռուստատեսութեամբ եւ խոստովանել, թէ իբր, ինքը կամաւոր է յանձնւել հայկական ուժերին, ինչպէս նաեւ կպատմի ադրբեջանական բանակում տիրող «բարձիթողի վիճակի» մասին...»,- նշում է ԼՂՀ ՊՆ-ն:
Ըստ ԼՂՀ պաշտպանական գերատեսչութեան՝ «շրջանառութեան մէջ դնելով գերեվարման վարկածը, փաստօրէն Բաքւի քարոզչամեքենան հիմք է ստեղծում ոչ միայն կասկածի տակ առնելու սեփական բանակի մարտունակութեան մասին պարբերաբար հիւսւող դիֆերամբների իրողութիւնը, այլեւ ենթադրելու, որ ադրբեջանական բանակի առաջնագիծն անպաշտպան է: Հակառակ դէպքում, ինչպէ՞ս էր հնարաւոր յաղթահարել, իրենց իսկ բնորոշմամբ` ադրբեջանական հզօր բանակի պաշտպանութիւնը եւ առանց որեւէ կրակոցի ու կորստի գերեվարել դիրքապահ ջոկի հրամանատար Ռոման Հյուսեյնովին...
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թէ հայկական կողմը կրտսեր սերժանտ Հուսեյնովին կստիպի հեռուստատեսութեամբ վարկաբեկել սեփական բանակը, ապա, թերեւս, ադրբեջանական քարոզիչներին հարկ է յիշեցնել, որ այդ մեթոդը բացառապէս եղել եւ մնում է Բաքւի մենաշնորհը:
Ինքնակամ կերպով Ղարաբաղեան բանակին յանձնւած ադրբեջանցի ցանկացած զինւոր, այդ թւում նաեւ` Ռոման Հյուսեյնովը, համոզւած եղեք, իրեն աւելի պաշտպանւած կզգայ, քան այն զօրամասում, որտեղ նա ծառայում էր, եւ կօգտւի բոլոր այն իրաւունքներից, որոնք ամրագրւած են միջազգային օրէնքներով, այդ թւում, ինչու չէ, նաեւ ազատ եւ հրապարակային արտայայտւելու հնարաւորութիւնից...»:
ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրութեան մէջ նշւած է նաեւ, որ 2010 թ. Յունւարի 28-ին Ադրբեջանի պատերազմական ուժերը 3-րդ բանակային կորպուսի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի հրէտանային դիվիզիոնում տեղի ունեցած արիւնալի միջադէպի արդիւնքում` աւտոմատային կրակահերթից սպանւել է 6, վիրաւորւել` 2 զինծառայող: Կրակահերթն իրականացրել են շարքայիններ Էլխան Ազիզովը եւ Սադիգ Մամեդովը: «Սա այն նոյն զօրամասն է, որտեղ ծառայում էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը, նա, ով նախընտրել է թողնել իրեն վստահւած դիրքը եւ ինքնակամ յանձնւել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակին»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment