Մէկ կէտ պայմանագրում,

որը կօգնի զսպել Ադրբեջանին



15:11 • 19.08.10
«Յստակ կարելի է ասել միայն մէկ բան, որ Հայաստանը գոնէ տեսանելի ապագայում զերծ է պահում իրեն և Ղարաբաղին պատերազմի վտանգից։ Ինչ կլինի 5, 10, 15 տարի յետոյ, այլ հարց է, բայց ես կարծում եմ, որ այսօրւայ որոշումն իրավիճակային որոշում էր»,– անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազաների գործունեութեան մասին պայմանագրում սպասւող փոփոխութիւններին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դեմոկրատական կուսակցութեան նախագահ Արամ Գ. Սարգսեանը։
Tert.am–ի հարցին, թէ արդեօ՞ք ռուսական ռազմաբազաների ժամկէտի երկարաձգումը կզսպի Ադրբեջանին պատերազմ սկսել, Դեմկուսի ղեկավարը պատասխանեց. «Ոչ թէ ռազմաբազաների ժամկէտի երկարաձգումը, այլ այն մի նախադասութիւնը, որ աւելանում է պայմանագրում, որ Ռուսաստանը պաշտպանելու է ՀՀ անվտանգութիւնը, այսինքն՝ իրականացնելու է համատեղ գործողութիւններ։ Այսինքն, Ռուսաստանն ստանձնում է ուղղակի պարտաւորութիւն՝ ապահովելու ՀՀ անվտանգութիւնը, սա է որոշիչն այդ պայմանագրի և ոչ թէ ժամկէտը»։ Ըստ Սարգսեանի, ռազմաբազաների ժամկէտի երկարաձգումն էական չէ, քանի որ իւրաքանչիւր պահի կողմերից մէկը կարող է այն պայմանագիրը դադարեցնելու պատճառաբանութիւն ներկայացնել։
Շարունակելով պատերազմի հնարաւորութեան թեման՝ կուսակցութեան նախագահը նշեց. «ԼՂ–ի պաշտպանը Հայաստանն է ու ամբողջ Հայ ժողովուրդը, և այդ պարագայում անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Հայաստանի բանակն ունենան զինւածութեան այնպիսի մակարդակ, ինչպիսին որ ունի այսօր Ադրբեջանը, ինչում մեզ պատրաստւում է աջակցել Ռուսաստանը»։
Tert.am

0 Պատգամ: