Թուրք ոստիկաններն արգելել են Հայ երեխաներին
աղօթել Աղթամարի եկեղեցում



«Սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցու վրայ խաչ տեղադրելն ու պատարագ մատուցելը շօու է, որեւէ Հայ, որ ունի արժանապատւութիւն չպիտի մասնակցի այդ շօուին։ Թուրքերը մեզանից հաշւարկւած գումար են ակնկալում»:




Օգոստոս 20, 2010 11:58

Թուրքական իշխանութիւններն ակտիւօրէն նախապատրաստւում են սեպտեմբերի 19-ին Վանայ լճի Աղթամար կղզում Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողութեանը այն ամբողջ աշխարհին ներկայացնելով որպէս բարի կամքի դրսեւորում:
Միեւնոյն ժամանակ թուրք իրաւապահները արգելում են Հայ երեխաներին աղօթել իրենց պապերի կառուցած եկեղեցում:
Օրեր առաջ դէպի Արեւմտեան Հայաստան ուխտագնացութեան մեկնած «Հայ ասպետ» հեռուստամրցոյթի յաղթող թիմի անդամները Թուրքիայից վերադարձել են վիրաւորւած։ Վանի Սուրբ Խաչ եկեղեցում թուրք ոստիկաններն արգելել են նրանց աղօթել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում «Հայ ասպետ» հեռուստախաղի հիմնադիր եւ հաղորդավար Կարին Տոնոյեանը պատմեց, որ իրենց չեն թոյլատրել նոյնիսկ մոմ վառել։
«Երբ Սուրբ Խաչում էինք, մոմեր հանեցինք, որ վառենք, թուրք ոստիկանն արգելեց՝ ասելով, որ «սա թանգարան է եւ պատերը մրոտւում են»: Այդ ժամանակ ես երեխաներին ասացի, որ մոմերը վառած կանգնեն եկեղեցու մէջտեղում, այդպէս պատերը չեն մրւի, եւ սկսեն աղօթել ու «Տէր ողորմեան երգել»։ Սկսեցինք աղօթել, սակայն այդ պահին եկաւ ոստիկանը եւ սկսեց գոռգոռալ, որ «կտրէք ձայները եւ դուրս գանք եկեղեցուց։ Սակայն երեխաները շարունակեցին երգել։ Միայն տուրիստական գործակալութեան ղեկավարի խնդրանքից յետոյ դուրս եկանք, քանի որ ոստիկանը շատ զայրացած էր եւ մարդ ուղարկեց, որպէսզի միւս ոստիկանին կանչի»,- ասաց Կարին Տոնոյեանը։
Նա նաեւ նշեց, որ երեխաները երգելով դուրս եկան եւ շարունակեցին իրենց երգը Սուրբ Խաչի դիմաց գտնւող կիսաւէր խորանի մօտ։
«Ամբողջ խումբը արտասւում էր, չափից աւելի վիրաւորական էր, այդպիսի վիրաւորանք ես երբեւէ չէի ապրել»,- վրդոււած ասաց «Հայ ասպետի» հաղորդավարը՝ յաւելելով, որ թուրք ոստիկանները արգելել են իրենց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու յետեւում գտնւող գերեզմանաքարերի եւ խաչքարերի մօտ խունկ վառել։
«Բերձորից հետներս խունկ էինք տարել վառելու։ Երեխաների հետ խաչքարի կողքին սկսեցինք կրակ անել, որ խունկ ծխենք, սակայն թուրք ոստիկանը մօտեցաւ եւ գոռգոռալով ոտքը դրեց խունկի վրա»,- ասաց Տոնոեանը եւ յաւելեց. «Սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցու վրայ խաչ տեղադրելն ու պատարագ մատուցելը շօու է, որեւէ Հայ, որ ունի արժանապատւութիւն չպիտի մասնակցի այդ շօուին։ Թուրքերը մեզանից հաշւարկւած գումար են ակնկալում»:
Վերջում նա նաեւ յաւելեց, որ «Հայ ասպետի» մասնակիցներին արգելել են նաեւ հայկական դրօշով պարել Սուրբ Խաչի առջեւ։
Ի դէպ անցած տարի եւս «Հայ ասպետ» հեռուստախաղի յաղթողները մեկնել էին Արեւմտեան Հայաստան։ Նրանք եղել էին Անիի եկեղեցիներից մէկում, ուր քահանայի հետ փորձել են խաղողօրհնէքի ծէս իրականացրել, սակայն թուրք ոստիկաններն այս անգամ եւս նրանց շրջապատել եւ արգելել են։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: