Հայաստանը բացայայտ կերպով
թելադրում է Թուքիային
12:55 • 27.08.10
Հայաստանի հետ սահմանի բացումը կարող է խիստ բացասական ազդեցութիւն ունենալ Թուրքիայի հետ մեր յարաբերութիւնների վրայ։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին յարաբերութիւնների պատասխանատու Նովրուզ Մամեդովը APA գործակալութեանը տւած հարցազրոյցում։
Թղթակցի այն հարցին, թէ ՆԱՏՕ–ի զօրավարժութիւնների շրջանակում Հայ – թրքական սահմանի բացումը ինչպէս կարող է ազդել ադրբեջանա–թրքական յարաբերութիւնների վրայ, Մամեդովը պատասխանել է.
«Կարծում են, որ այդ քայլի գլխաւոր նպատակն այն է, որ արևմտեան երկրները կողմնակի ճանապարհներով ցանկանում են Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացման համար օգտագործել ստեղծւած յարմար առիթը՝ ստիպելով Թուքիային անել դա։ Բանն այն է, որ Հայաստանը ՆԱՏՕ–ի հետ սերտօրէն համագործակցող պետութիւն չի եղել։ Ստացւում է՝ զօրավարժութիւնները, որոնցում նախատեսւած է Հայաստանի և Թուքիայի համատեղ մասնակցութիւնը, նախապէս մտածւած ու ծրագրւած է եղել։ Այս կերպ ցանկանում են մի աւելորդ անգամ հակադրել Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք բարեկամական, եղբայրական երկրներ ու ռազմավարական գործընկերներ են։ Այդ քայլերը նրանք արդէն որոշ ժամանակ շարունակում են. մենք էլ ենք դա տեսնում»։
Ըստ նրա՝ Թուրքիային կանգնեցնում են մեծ փորձութեան առջև։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների հիմնական գիծը, ըստ նրա, Թուրքիայի դիրքորոշումն էր Հայաստանի դէմ։
Սակայն շրջանակները, որոնց համար դա ցանկալի չէ, Թուքիայի համար երկու տարբեր նժարների վրայ են դնում Ադրբեջանն ու Հայաստանը, որպէսզի կոտրեն Անկարայի դիրքորոշումը։
«Հայաստանի հետ սահմանի բացումը նոյնիսկ մէկ օրով, ցանկացած ձևով և ցանկացած բովանդակութեամբ, կարող է շատ բացասական ազդեցութիւն ունենալ Թուրքիայի հետ մեր յարաբերութիւնների վրայ»,–ասել է Նովրուզ Մամեդովը և յաւելել,– «Այսօր Հայաստանը բացայայտ կերպով թելադրում է Թուրքիային, նրա առջև պայմաններ դնում և պահանջներ ներկայացնելով՝ ձգտում դրանց իրականացմանը։ Կարծում են, որ Թուրքիան համարժէք արձագանք կտայ և թոյլ չի տայ նոյնիսկ մէկ ժամով բացել սահմանը»։
Tert.am

0 Պատգամ: