ՀՅԴ.–
Հայաստանն ու Արցախը պէտք է ռազմաքաղաքական
դաշինք կնքեն
«Արցախի ճանաչման հարցում առաջամարտիկը պէտք է լինի Հայաստանի
խորհրդարանը»

14:49 • 31.08.10
Ի պատասխան օրէցօր սերտացող թուրք-ադրբեջանական տանդեմին` Հայաստանն ու Արցախը պէտք է ստեղծեն Ղարաբաղա–Հայկական տանդեմ, ինչը պէտք է դրսևորւի ռազմաքաղաքական դաշինքի կնքմամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի առաջարկ արեց ՀՅԴ Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ, պատգամաւոր Արմէն Ռուստամեանը` խօսելով ՄԱԿ-ում սեպտեմբերի 9-ին քննարկւելիք Լեռնային Ղարաբաղի հետ կապւած՝ Ադրբեջանի ներկայացրած հերթական բանաձևի մասին։
Դաշնակցական պատգամաւորը տեղեկացրեց, որ իրենք իրենց Հայ Դատի բոլոր գրասենեակներին տեղեկացրել են, որ լոբբիստական աշխատանքներ իրականացնեն` ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին ներկայացնելու ԼՂ խնդրի հետ կապւած իրականութիւնն ու յօրդորեն կողմ չքւէարկել ադրբեջանական բանաձևին։ Միաժամանակ, Արմէն Ռուստամեանը նշեց, որ ինքը կողմ է, որ ԼՂ խնդրի կարգաւորմանն ուղղւած բանակցային գործընթացին զուգահեռ լինի նաև երկրորդ գործընթաց. Հայաստանը պէտք է սկսի Արցախի միջազգային ճանաչման գործընթաց։ Ռուստամեանը համոզւած է, որ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը ոչնչով չի խանգարում կամ հակասում Մինսկեան գործընթացին։ Աւելին, պատգամաւորը վստահ է, որ Արցախի ճանաչման հարցում առաջամարտիկը պէտք է լինի Հայաստանի խորհրդարանը։
Թուրք-ադրբեջանական տանդեմին ի պատասխան Հայաստանի և Արցախի միջև կնքւելիք ռազմաքաղաքական դաշինքը, Արմէն Ռուստամեանի խօսքով, շատ կարևոր քայլ է։ «Պէտք է կնքել ռազմաքաղաքական դաշինք, որում պէտք է պարզ ասւի, որ Հայաստանը Արցախի անվտանգութեան և անկախութեան երաշխաւորն է«,- մասնաւորապէս, պարզաբանեց ՀՅԴ-ական գործիչը։
Հարցին, թե «ՀՅԴ-ն այս ուղղութեամբ Հայաստանի իշխանութիւնների կողմից քայլեր նկատո՞ւմ է», Ռուստամեանը պատասխանեց. «Մի քիչ ինչ-որ վախւորած քայլեր եմ տեսնում»։ Պատգամաւորի տպաւորութեամբ՝ Արցախի անկախութեան ճանաչման մասին ՀՀ իշխանութիւնների կողմից հնչող վախւորած յայտարարութիւնները ներքին սպառման համար են, մինչդեռ «մեզ քայլեր են հարկաւոր դրսի համար»։
Tert.am

0 Պատգամ: