Լավրովը հանգստացրել է Բաքւին.
Գիւմրիի ռազմաբազայում ժամկէտից բացի
որևէ բան չի փոխւել
15:27 • 28.08.10
Գիւմրիում ռուսական ռազմաբազայի վերաբերեալ Ռուսաստանի և Հայաստանի միջև վերջերս ստորագրւած արձանագրութիւնը պարզապէս երկարաձգում է ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկէտը։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Ադրբեջան կատարելիք այցին ընդառաջ ադրբեջանական լրատւամիջոցներին տւած հարցազրոյցում այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լավրովը՝ լրագրողի խնդրանքվ մեկնաբանելով Երևանում ստորագրւած փաստաթուղթը։
«Ձեր նշած արձանագրութիւնը 49 տարով երկարաձգում է Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկէտը։ Եւ ոչ աւելին։ Այն չի փոխում ոչ ռազմաբազայի գործառոյթները, որ Ռուսաստանն ունի Հայաստանում, ոչ զինծառայողների թւաքանակը, ոչ էլ այդ բազայում գտնւող սպառազինութիւնների քանակը։ Այդ պատճառով էլ անիմաստ է խօսել այն մասին, թէ այդ արձանագրութիւնը կարող է տարածաշրջանում ուժերի հաւասարակշռութեան մէջ որևէ փոփոխութեան մտցնել այնպէս, ինչպէս որ անիմաստ է խօսել այն մասին, թե 49 տարով ռուսական ռազմաբազայի ներկայ գործառոյթների ու չափորոշիչների երկարաձգումը խախտում է ինչ–որ պայմանաւորւածութիւններ»,– ասել է նա։
ՌԴ արտգործնախարարը նաև նշել է, որ Հայատանում տեղակայւած ռուսական ռազմաբազայի գլխաւոր նպատակն է ապահովել Ռուսաստանի Դաշնութեան շահերը։
«Այդ շահերը, անկասկած, ներառում են Հարաւային Կովկասում, Կասպից աւազանում կայունութեան ապահովումը։ Ռուսական ռազմաբազայի առջև այս առաջնային նպատակը դրւել է այն ժամանակ, երբ ստորագրւել է համապատասխան համաձայնագիրը։ Հերթական՝ 49 տարով համաձայնագիրը երկարացնելով այդ նպատակը որևէ կերպ չի փոխւել»,– ասել է Սերգէյ Լավրովը։

Tert.am

0 Պատգամ: