Եւրոպական դատարանը մեղաւոր է ճանաչել

Թուրքիային՝ Դինքի սպանութիւնը չկանխելու համար



Օգոստոս 23, 2010 14:47
Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը մեղաւոր է ճանաչել Թուրքիային՝ ստամբուլահայ լրագրող, «Ակօս» թերթի գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի սպանութիւնը չկանխելու եւ սպանութեան բացայայտման ուղղութեամբ հետաքննութիւնը նորմալ չկազմակերպելու համար։
Թուրքական Millyet-ի փոխանցմամբ՝ Դինքի սպանութեան գործով վճիռը, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը սեպտեմբերին կհրապարակի մամուլում։ Հրանտ Դինքը սպանութիւնից առաջ դատապարտւել էր տխրահռչակ 301 յօդւածով, որն էլ պարարտ հող էր նախապատրաստել նրա սպանութեան համար։ Սպանութիւնից յետոյ յայտնի դարձաւ, որ Դինքի դէմ կազմակերպւող սպանութեան մասին տեղեակ է եղել թէ’ ոստիկանութիւնը, թէ’ ժանդարմերիան։
Թուրքիայում կարծես իմացել էին, որ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում Դինքի ընտանիքի հայցն՝ ընդդէմ Թուրքիայի, կբաւարարւի, դրա համար էլ թուրքական իշխանութիւններն իրենց արդարացնելու համար յատուկ յայտարարութիւններով են հանդէս եկել։
Օրինակ՝ Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահը յայտարարել էր, թէ Հրանտ Դինքի սպանութիւնը կանխելու համար պետութիւնը ոչինչ չի ձեռնարկել եւ օրեր անց նախագահական պալատ է հրաւիրել Դինքի եղբօրը։
Իր հերթին արդարացել է նաեւ արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն՝ յայտարարելով, թէ ինքը տեղեակ չի եղել եւ չի էլ ստորագրել Հրանտ Դինքի դէմ Մարդու իրաւունքների եւրոպական դատարան պետութեան կողմից ուղարկած պաշտպանական ճառի տակ, որտեղ Դինքին համեմատել են նէօնացիստի հետ։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: