Հայերից վախեցած Թուրքիայի փոխվարչապետի

հերթական զաւեշտը


«Թուրքերը, եթէ չեն կարողանում գլուխ հանել մի բանից կամ պայքարել դրա դէմ, անպայման շեշտում են, թէ դրա մէջ Հայի մատը խառն է»


«PKK-ի ահաբեկիչների մի մասը թլպատւած չեն...»



Օգոստոս 21, 2010 11:00
Կրկին հակահայ յայտարարութիւնով է հանդէս եկել Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը հանդիպել է թուրք գործարարների հետ, ներկայացրել Թուրքիայի հարաւ-արեւելեան նահանգների համար նախատեսւած տնտեսական ծրագրերը, որի ընթացքում հանդէս է եկել հետեւեալ յայտարարութեամբ. «Թուրքիան 40 տարի է ահաբեկչութեան է ենթարկւում։ 80-ականներից առաջ իդեոլոգիկ ահաբեկչութիւն էր, իսկ դրանից յետոյ՝ աջ-ձախ ահաբեկչութիւն։ Հայկական «ահաբեկչութեան» եւ PKK-ի ահաբեկչութեան միջեւ սերտ համագործակցութիւն կայ, նրանք արիւնակից եղբայրներ են։ Հայերը խաղից դուրս եկան եւ գործը փոխանցեցին PKK-ին»-նշել է թուրք փոխվարչապետը։
Փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը եւս մէկ «բացայայտում» է արել՝ նշելով. «Կներէք, սակայն PKK-ի ահաբեկիչների մի մասը թլպատւած չեն։ Կարծում են, որ սա շատ բան է ասում։ Սա բամբասանք չէ։ Մենք լաւ գիտենք, թէ ով ով է»։
Ջեմիլ Չիչեքը վախը հայերի նկատմամբ արտայայտւեց նախորդ՝ 2009-ին, երբ Թուրքիայում մարտի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների ընթացքում Իգդիրում 85 տարի անընդմէջ ազերի քաղաքապետերից յետոյ առաջին անգամ քուրդը դարձաւ քաղաքապետ։ Ջեմիլ Չիչեքը այն ժամանակ հետեւեալ կերպ էր արտայայտւել. «Քրդերը հաստատւեցին Հայաստանի հետ սահմանին»։ Աւելորդ չէ յիշեցնել, որ այդ քուրդ քաղաքապետը ընտրւելուց ամիսներ անց ձեռնաշղթաներով քաղաքապետարանից տեղափոխւեց կալանավայր` մեղադրւելով PKK-ի հետ կապեր ունենալու մէջ։
Թուրքիայում մի տեսակ աւանդոյթ է դարձել այն, որ թուրքերը, եթէ չեն կարողանում գլուխ հանել մի բանից կամ պայքարել դրա դէմ, անպայման շեշտում են, թէ դրա մէջ Հայի մատը խառն է։


Արթուր Յակոբեան
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: