Մեր իրաւունքը չի կարող մեզ

որպէս պարգևական տրւել




Արա Պապեան
Օգոստոս 16, 2010թ. 11:00
Ցանկացած գործողութիւն ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ մի շարք գործօններ: Ամենակարևոր գործօններից մէկը տւեալ գործողութեան շարժառիթն է, դրդապատճառը: Երբ այդ տեսանկիւնից ենք նայում Աղթամարի սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերին նախատեսւած պատարագի մատուցումը և յարակից աղմուկը, ակնյայտ է դառնում դրանց, մեղմ ասած, ոչ պատշաճ հիմնառիթը: Միանշանակ է, որ այդ պատարագը և ողջ ձեռնարկը բնաւ կապ չունեն Աստծոյ փառաբանութեան հետ: Այն թուրքական յատուկ ծառայութիւնների կողմից յղացած խաբեպատիր միջոցառում է, որի միակ նպատակը, քաղաքագիտական խրթին բառերով ասած, դրական պատկերի հեռացոլում է (positive image projection):
Թուրքերը լաւ են անում, որ հերթական անգամ խաբում են աշխարհին: Դա նրանց բնոյթն ու իրաւունքն է: Սակայն ես չեմ հասկանում այս խաղին հայերի հրճւալից մասնակցութեան իմաստը: Իբր, աշխարհը կիմանայ, որ Աղթամարը հայկական եկեղեցի է: Նախ նա, ով պիտի իմանայ, արդէն գիտի: Նա, ով չի ուզում իմանալ, չի իմանայ: Սակայն վստահեցնում եմ ձեզ` դա չի լինելու աշխարհի մեծագոյն լրատւականների հիմնական ուղերձը: Հիմնական միտքը թուրքերի հանդուրժողականութեան գովքն է լինելու: Թոյլ մի տւէք, որ թուրքերը մեզ հերթական անգամ ստորացնեն: Ցիւրիխում ստորագրւած արձանագրութիւնների ստորացումը մեզ մի քանի տասնամեակ հերիք է: Ինչո՞ւ էք ուզում նորից աղ ցանել մեր վերքերին:
Միանգամայն անընդունելի է այն տեսակէտը, որ ՙայդ վայրերում այդքան մարդ չունենք, ի՞նչ պիտի անենք եկեղեցիները: Տարին մէկ անգամ պատարագն էլ բաւարար է՚: Նախ թող պատասխանեն` ի՞նչ եղան այդ եկեղեցիները կառուցած հայերը: Յետոյ, խօսքը պատարագ մատուցելու մասին չէ, խօսքը իրաւունքի` պատարագ մատուցելու իրաւունքի մասին է: Գուցէ հայերը հինգը տարին մէկ այդ եկեղեցիներում պատարագ մատուցեն, գուցէ տասը, այսուհանդերձ նրանք իրաւունք պիտի ունենան ցանկացած, եկեղեցիական կարգով նախատեսւած պահի, պատարագ մատուցելու: Թուրքերը մեր իրաւունքը մեզ որպէս պարգևական են տալիս, իսկ մենք դրանով ուրախանում ենք: Մենք նման ենք այն մանուկին, որի հարազատներին կոտորել են, հայրենական ողջ կալւածքը խլել են, ապա մի փայլփլուն խաղալիք են շպրտել նրա առաջ և նա խելակորոյս հրճւում է դրանով: 1912թ. թուրքական պաշտօնական տւեալներով Օսմանեան կայսրութեան տարածքում աւելի քան երկու հազար հայկական գործող, կրկնում եմ գործող, վանք ու եկեղեցի կար: Դրանք ապօրինի բռնագրաււել են Թուրքիայի Հանրապետութեան կողմից: Նախ թող օրինական տիրոջը վերադարձնեն եկեղեցապատկան, այն է` համայնքապատկան, այսինքն մեզ բոլորիս պատկանող, գոյքը կամ հատուցէն դրա դիմաց:
Յետոյ, թող հաւատարմօրէն կատարեն իրենց իսկ ստանձնած միջազգային պարտաւորութիւնները: Թուրքիան վերահսկող քեմալական շարժման հետ յարաբերութիւնների հաստատումը խարսխւած է եղել որոշակի նախապայմանների վրայ, որոնք ամրագրւած են Լոզանի պայմանագրի (24 յուլիսի, 1923թ.) մէջ: Լոզանի պայմանագրի 38-րդ յօդւածի 2-րդ մասով Թուրքիայի բոլոր բնակիչներին, մասնաւոր կամ հանրային կեանքում, տրւում է հաւատքի, կրօնի կամ դաւանանքի ազատութիւն (All inhabitants of Turkey shall be entitled to free exercise, whether in public or private, of any creed, religion or belief): Իսկ պայմանագրի 40-րդ յօդւածով նրանց տրւում է կրօնական հաստատութիւններ հիմնելու, գործածելու և վերահսկելու իրաւունք:
Աւելին, Լոզանի պայմանագրի 42-րդ յօդւածի 3-րդ մասով ՙԹուրքական կառավարութիւնը պարտաւորւում է լիակատար պահպանութեան տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշեալ փոքրամասնութիւնների այլ կրօնական հաստատութիւնները՚ (The Turkish Government undertakes to grant full protection to the churches, synagogues, cemeteries, and other religious establishments of the above-mentioned minorities): Բնականաբար ՙլիակատար պահպանութիւնն՚ իր մէջ ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չաւիրելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը:
Հետևաբար, սբ. Խաչ եկեղեցու շէնքի մասնակի նորոգումը և դրանում տարին մէկ անգամ պատարագ մատուցելու իրաւունքը, ոչ թէ ՙբարի կամքի դրսևորում՚ է, այլ Թուրքիայի կողմից հիմնական օրէնքի կարգավիճակով ստանձնած միջազգային պարտաւորութիւնների խիստ թերի և ուշացած կատարում՝ որոշակի քաղաքական շահարկման նկատառումով: Ըստ այդմ, բնաւ մեր շահերից չի բխում այդ շահարկումների առջև լայն հնարաւորութիւններ բացելը:


Արա Պապեան
ՙՄոդուս Վիվենդի՚ կենտրոնի ղեկավար
14 օգոստոսի, 2010թ.

0 Պատգամ: