ՀՀ նախագահը ներկայացրել է ՀԱՊԿ

գագաթնաժողովի արդիւնքները




Նախօրէին Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ նադամ-պետութիւնների ղեկավարների ոչ պաշտօնական գագաթնաժողովը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը, ներկայացնելով ԶԼՄՆ-ների ներկայացուցիչներին ՀԱՊԿ ոչ պաշտօնական գագաթնաժողովի արդիւնքները, նշել է.
«Այսօր յագեցած եւ կարեւոր օր է: Հէնց նոր աւարտւեց ՀԱՊԿ հաւաքական անվտանգութեան խորհրդի անդամների հանդիպումը, որի ընթացքում ոչ պաշտօնական մթնոլորտում տեղի ունեցաւ ընդհանուր հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքների փոխանակում:
Այսօրւայ գագաթնաժողովի առանցքային թեման Ղրղըզստանի իրավիճակն էր: Աւելի ստոյգ` իրավիճակի արագ կայունացման ուղղութեամբ ՀԱՊԿ շրջանակում իրականացւած միջոցառումների եւ եղբայրական Ղրղըզստանին մեր ցուցաբերած օգնութեան հարցը:Մայիսի 8-ին Մոսկւայում կայացած մեր նախորդ հանդիպման արդիւնքում երկրների ղեկավարները Ղրղըզստանի Հանրապետութիւնում իրավիճակի մասին յայտարարութիւն ընդունեցին, որով պատրաստակամութիւն յայտնեցին իրավիճակի շուտափոյթ կայունացման նպատակով Ղրղըզստանին հումանիտար եւ այլ օգնութիւն տրամադրել:
Այսօր մենք վերլուծեցինք այդ որոշման իրականացման ընթացքը, առաջին արդիւնքները, կարծիքներ փոխանակեցինք այդ ուղղութեամբ մեր հետագայ քայլերի մասին: Մենք հաստատեցինք մայիսեան հանդիպման որոշմանը մեր հաւատարմութիւնը եւ պայմանաւորւեցինք շարունակել Ղրղըզստանում իրավիճակի կայունացման միջոցառումների շուրջ խորհրդակցութիւնները: Աւելի ընդհանուր` մենք խօսեցինք ՀԱՊԿ-ում ճգնաժամային արձագանքման արդիւնաւէտ մեխանիզմների ձեւաւորման անհրաժեշտութեան մասին: Հեշտ հարց չէ, բայց շատ արդիական է: Ինչպէս գիտէք` այս թեման անդամ պետութիւնների ղեկավարները բարձրացրել էին դեռ մայիսին: Եւ այսօր ծանօթացանք այն առաջնային առաջարկութիւններին, որոնք նախկինում կայացած քննարկումների արդիւնքում մշակել էր ՀԱՊԿ քարտուղարութիւնը:
Մտքերի փոխանակումն արդէն աւելի առարկայական եւ հանգամանալի էր: Այս կապակցութեամբ, հաշւի առնելով մեր տարածաշրջանում ձեւաւորւած իրավիճակը, ես ներկայացրել եմ նաեւ մեր պատկերացումները` այս ուղղութեամբ հետագայ կոլեկտիւ քայլերի վերաբերեալ:
Մենք նախանշեցինք ՀԱՊԿ շրջանակում համագործակցութեան հետագայ խորացման որոշակի քայլեր: Համոզւած եմ, որ այդ ծրագրերի լիարժէք իրագործումը թոյլ կտայ մեր կազմակերպութիւնը հասցնել որակապէս նոր` աւելի բարձր մակարդակի: Այսօրւայ հանդիպումը կարեւոր քայլ է մեր երկրների եւ, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ պատասխանատւութեան տարածաշրջանի անվտանգութեան համակարգի հետագայ զարգացման գործընթացում:
Որպէս կազմակերպիչ-պետութեան Նախագահ, ցանկանում եմ երախտագիտութիւն յայտնել երկրների ղեկավարներին` գագաթնաժողովին մասնակցելու եւ կառուցողական , հանգամանալի կարծիքներ փոխանակելու համար»:


ԱՅՍՕՐ, 09:30
Aysor.am


0 Պատգամ: