Պատերազմի դէպքում
Ադրբեջանը կպարտւի

09:28 • 14.09.10
Քարնեգի հաստատութեան աւագ վերլուծաբան Թոմաս դը Վաալն այն կարծիքին է, որ Հայ-ադրբեջանական սահմանի վրայ բախումները կշարունակւեն։ Նրա խօսքով, մտահոգիչ է այն հանգամանքը, որ հակադիր կողմերի դիրքերը միմեանցից տեղ-տեղ միայն 40 մետր հեռաւորութեան վրայ են գտնւում։
«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայութեանը տւած հարցազրոյցում վերլուծաբանը մեծ տարբերութիւն է տեսնում Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի և երկրի նախագահի ժամանակ առ ժամանակ կրկնւող յայտարարութիւնների միջև։ «Եթէ երկրի նախագահը հանդէս է գալիս սպառանալիքներով, ապա պաշտպանութեան նախարարը պատերազմի հնարաւորութեան մասին շարունակ կատակում է»,– ասել է նա։ Վերլուծաբանը սա բացատրում է նրանց համար գոյութիւն ունեցող տարբեր լսարանների առկայութեամբ ու Իլհամ Ալիևի սպառնալիքներին տալիս միայն քաղաքական դիվիդենտներ հաւաքելու մասին բացատրութիւն:
Թոմաս դը Վաալն ասել է, թէ Ադրբեջանը պիտի հասկանայ, որ ռազմական եղանակով պատերազմում յաղթանակ չի կարող տանել, ինչի մասին, ըստ նրա, վկայում են հետազոտութիւնների արդիւնքները։
Նա դա բացատրում է Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական դիրքով ու հայկական բանակի հզօրութեամբ:
«Նորագոյն զէնքեր կրելուց բացի, պատերազմում յաղթանակ տօնելու համար պէտք է կարողանալ յենւել զօրքերի վրայ, ինչն այս պահին Ադրբեջանն անել չի կարող», ասել է վերլուծաբանը և աւելացրել, որ պատերազմի դիմելու դէպքում ադրբեջանական կողմը «ադրբեջանցի հազարաւոր երիտասարդների կտանի դէպի անխուսափելի մահ»:

Tert.am

0 Պատգամ: