Վանկուվերում ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանից 4 մարզիկ է մասնակցում

12.02.2010
Աստղիկ ԲեդեւեանԿանադայի Վանկուվեր քաղաքում ուրբաթ օրը կազդարարւի 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը։
Հայաստանից 4 մարզիկ է մասնակցում խաղերին։ Սպորտի եւ երիտասարդութեան նախարարի մամուլի խօսնակ Եուրա Ալեքսանեանը «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ուրբաթ օրը մատնանշեց, որ «ձմեռային մարզաձեւերում հայաստանցի մարզիկներն անգամ խորհրդային տարիներին չեն հասել յաջողութիւնների»։
Ծրագրում ընդգրկւած են 15 մարզաձեւեր, որոնցում, ընդհանուր առմամբ, մեդալների 86 կոմպլեկտներ կը խաղարկւեն։ Մարզիկների ամէնամեծ պատւիրակութիւններով Օլիմպիադային կը մասնակցեն հիւրընկալող երկիրը՝ Կանադան, եւ նրա աշխարհագրական հարեւանը` Միացեալ Նահանգները։ Մարզիկների թւով երրորդը Ռուսաստանի Դաշնութեան թիմն է։
Հայաստանը 2010-ի ձմեռային Օլիմպիադայում կը ներկայացնեն 2 դահուկավազորդներ եւ 2 լեռնադահուկորդներ։ Հայաստանեան թիմի առաջին ելոյթը սպասւում է փետրւարի 15-ին. Աշոցքից Սերգէյ Միքայէլեանը պէտք է 15 կիլոմետր մրցատարածութիւն յաղթահարի։
«Այդ մարզաձեւը մեզանում հարուստ աւանդոյթներ չունի» Ասաց Սպորտի եւ երիտասարդութեան նախարարի մամուլի խօսնակ Եուրա Ալեքսանեանը։ - «Պետականօրէն Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը Ազգային օլիմպիական կոմիտէի անդամին, եթէ նա յաղթում է, շնորհում է 30 հազար ամերիկեան դոլարին համարժէք դրամ, երկրորդ տեղին՝ 20 հազար, երրորդին՝ 10 հազար։ Աւաղ, կոնկրէտ ես յոյս չունեմ որեւէ մեդալի։ Հայաստանի մասնակիցներից որեւէ մէկը եթէ առաջին 20-ի մէջ մտնի, դա կոնկրէտ ինձ համար մեծ բաւականութիւն կը լինի», - աւելացրեց նա։
Ձմեռային Օլիմպիադայում հայաստանցի մարզիկների մինչեւ հիմա ցուցաբերած լաւագոյն արդիւնքը գրանցել է ծաղկաձորցի լեռնադահուկորդ Արսէն Յարութիւնեանը, ով 1994 թւականին 31-րդն է հատել վերջնագիծը։
21-րդ ձմեռային օլիմպիական խաղերը Կանադական Վանկուվերում կանցկացւեն մինչեւ մարտի 1-ը։


«Ազատութիւն»

0 Պատգամ: