ՇԱՀՈՂԻՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ` ՄԷԿ ՔԱՅԼ Է
Հայաստանի իշխանութիւնն ակնյայտօրէն բարկացած է Թուրքիայի իշխանութեան պահւածքից: Դրա մասին են վկայում այն բորբոքւած յայտարարութիւնները, որ իշխանութեան տարբեր կալիբրի ներկայացուցիչներ թոյլ են տալիս Թուրքիայի հասցէին:
Ի՞նչ է պատահել: Թուրքիան Հայաստանին մեղադրում է ՍԴ որոշումով Հայ-թրքական գործընթացը բուն հունից շեղելու համար, ու նաեւ Մինսկի խմբի համանախագահներին մեղադրում է Հայաստանի վրայ Ղարաբաղի հարցում բաւարար ճնշում չգործադրելու համար: Իր այդ մեղադրանքներով էլ Թուրքիան փորձում է արդարացնել Հայ-թրքական արձանագրութիւնները չվաւերացնելու իր քայլը, իսկ պատասխանատւութիւնն էլ դնել Հայաստանի ու Մինսկի խմբի վրայ: Մինսկի խումբը այդ ամէնը կարծես թէ հանգիստ է ընդունել, իսկ Հայաստանը բաւական բորբոքւել է: Թւում է, թէ Հայաստանի համար պիտի չլինէր բորբոքւելու պատճառ: Չէ՞ որ Սերժ Սարգսեանը դեռեւս մի քանի ամիս առաջ յայտարարում էր, որ եթէ նոյնիսկ Հայ-թրքական գործընթացը չստացւի, միեւնոյն է, Հայաստանը դրանից չի տուժելու եւ նոյնիսկ դուրս է գալու շահած: Հետեւաբար հարց է առաջանում, թէ ինչո՞ւ է Հայաստանն այժմ այդպէս բորբոքւել թրքական պահւածքից: Մի՞թէ շահող կողմը այդպէս կը բորբոքւի: Դա այդքան էլ տրամաբանական չի թւում: Ուրեմն, ինչ-որ բան այժմ այնպէս չէ, ինչպէս Հայաստանն էր պատկերացնում, ու շահումի մասին խօսք, մեղմ ասած, կարծես թէ չկայ: Բանն այն է, որ միջազգային հանրութիւնը, որին այդքան ապաւինում է Հայաստանը Հայ-թրքական գործընթացի սկզբից եւ եթէ, Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացումը առաջ մղելու հարցում Թուրքիային միակողմանի չի կշտամբում, այլ հաւասարապէս դիմում է Թուրքիային ու Հայաստանին: Ուրեմն, միջազգային հանրութիւնը, Հայ-թրքական գործընթացը ձախողելու գործում թուրքերին չի ապտակելու, իսկ Հայաստանին շոյելու, այլ թերեւս կշտամբելու է երկուսին էլ: Հակառակ պարագայում, օրինակ, ինչո՞ւ պիտի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդընը ոչ թէ Թուրքիային կոչ անէր վաւերացնել Հայ-թրքական արձանագրութիւնները եւ առաջ մղել գործընթացը, այլ Հայաստանին ու Թուրքիային: Չէ՞ որ Հայաստանը իրենից հասանելիքն անում է, ՍԴ-ն նոյնիսկ դրական եզրակացութիւն է տւել արձանագրութիւններին: Ուրեմն, ի՞նչն է խնդիրը: Խնդիրը, թերեւս, այն է, որ Հայաստանից այդուհանդէրձ ինչ-որ բան կախւած է գործընթացի առաջ շարժւելու առումով, եւ այդ ինչ-որ բանն էլ միջազգային հանրութեանը մղում է հաւասարապէս կշտամբել երկու կողմին էլ: Շատերի գնահատմամբ` այդ ինչ-որ բանը Ղարաբաղի հարցն է, որտեղ Հայաստանը խոստացել է զիջման գնալ, բայց այժմ ետ է կանգնում խոստումից, բայց դա, թերեւս, քիչ հաւանական է: Խնդիրը Ղարաբաղը չէ: Կամ խնդիրը Ղարաբաղի հարցում որեւէ կոնկրէտ զիջումը չէ, այլ ՍԴ որոշման պրեամբուլան, որտեղ դատարանը բացառում է արձանագրութիւնների առնչութիւնը երրորդ երկրին, ինչպէս նաեւ Ցեղասպանութեան հարցի քննարկումը: Մինչդեռ, արձանագրութիւնների բովանդակութեան մէջ կայ թէ՛ երրորդ երկրի տարածքային ամբողջութեան յարգմանը վերաբերող դրոյթ, թէ՛ նաեւ Ցեղասպանութեանը առնչութիւն ունեցող դրոյթ, ի դէմս պատմաբանների ենթայանձնաժողովի: Այլ կերպ ասած, Թուրքիայի ներկայացրած մեղադրանքները, որ Հայաստանը յետ է կանգնել արձանագրութիւնների բովանդակութիւնից կամ նախապայմաններ է առաջ քաշել, այդքան էլ մտացածին եւ հնարովի չեն, ինչպէս Հայաստանի իշխանական քարոզչութիւնն է պնդում: Միջազգային հանրութիւնը հէնց դրա համար էլ երեւի թէ հաւասարապէս Հայաստանին ու Թուրքիային է կոչ անում առաջ տանել Հայ-թրքական գործընթացը, ոչ թէ միայն Թուրքիային է կշտամբում ապակառուցողականութեան համար: Ու պաշտօնական Երեւանն էլ յստակ գիտակցում է այդ հանգամանքը, եւ այդ իսկ պատճառով է, որ Հայաստանը յայտնւել է այդօրինակ բորբոքւած վիճակում: Բանն այն է, որ Հայ-թրքական գործընթացում Հայաստանի իշխանութիւնը` ի դէմս ՍԴ որոշման հերթական չհաշւարկւած կամ սխալ հաշւարկւած քայլն է կատարել, որը կարճաժամկէտ առումով գուցէ իշխանութեանը հնարաւորութիւն տւեց ինչ-որ հարցեր լուծել երկրի ներսում առկայ հակազդեցութիւնը մեղմելու կամ չեզոքացնելու առումով, բայց միջնաժամկէտ կտրւածքով ակնյայտօրէն սկսել է խնդիրներ առաջացնել իշխանութեան համար, քանի որ դրանով Հայաստանը փաստացի եւս մէկ քայլ զիջել է դիրքը Հայ-թրքական յարաբերութեան գործընթացում եւ առաւելութիւն տւել Թուրքիային, որն էլ, իրեն յատուկ դիւանագիտական ճկունութեան շնորհիւ, բաւական արդիւնաւէտութեամբ խաղարկում է այդ առաւելութիւնը: Իսկ արբիտրի դեր ստանձնած միջազգային հանրութիւնը ամէնեւին չի խանգարում այդ ամէնին, քանի որ կամ չի տեսնում խաղի կանոնների խախտում, կամ համարում է, որ կանոնները երկուստէք են խախտւել, ու կողմերը այսպէս ասած «քվիտ» են: Դա էլ իր հերթին նշանակում է, որ թէեւ Թուրքիային չի յաջողւում առաջ մղել Ղարաբաղի հարցը, որպէս նախապայման, այդուհանդէրձ յաջողւում է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ ապակառուցողականութեան համար պատասխանատւութիւնը առնւազն կիսով չափ ընկնի նաեւ Հայաստանի վրայ: Իսկ Հայաստանը, քանի որ Հայ-թրքական գործընթացում առաջնորդւում է ընդամէնը պահի, ոչ թէ ամբողջական զարգացման հաշւարկով, կամայ, թէ ակամայ, արդէն իսկ յայտնւում է այդ պատասխանատւութեան տակ:
Արամ Ամատունի
«Ժամանակ»
0 Պատգամ:
Post a Comment