«ԵՒՐԱՏԵՍԻԼԵԱՆ» ԵՌԱՆԿԻՒՆԻ



Արդէն 5 տարի շարունակ Հայաստանը մասնակցում է «Եւրատեսիլ» երգի մրցոյթին, եւ գրեթէ ամէն տարի մասնակցի անունը յայտնի է դառնում շատ աւելի վաղ, քան բուն քւէարկութիւնն է կազմակերպւում, եւ նոյնիսկ երգն է ընտրւում:
«Եւրատեսիլը» համարւում է երգի մրցոյթ, սակայն Հայաստանում այն ընկալւում է որպէս որեւէ երգչի կարիէրայի գագաթնակէտ, որպէս ամուր կապեր ու հովանաւորներ ունենալու ապացոյց: Եւ եթէ երգիչը գնում է մրցելու եւրոպացիների հետ, ուրեմն նա արդէն իսկ յաղթող է իրեն զգում ու կարող է ասել` տեսէք, ես պէտք է գնայի ու գնացի:
Սակայն այս տարի Օսլոյում անցկացւելիք «Եւրատեսիլն» իր բնոյթով հայաստանեան թէժ մրցակցութիւն է խոստանում, եւ հայաստանեան նախընտրական փուլում լուրջ, կրքոտ ու բաւականին սկզբունքային պայքար է ծաւալւել: Նոյնիսկ կարելի է ասել, որ կենաց ու մահու կռիւ է սկսւել յատկապէս Էմմիի ու Եւա Ռիվասի միջեւ, որոնք մրցում են ոչ միայն իրար, այլեւ` ողջ տարւայ ընթացքում ֆավորիտ համարւող Ռազմիկ Ամեանի հետ: Եւ հէնց այդ 3 երգիչներն էլ եռանդով նախապատրաստւում են իրենց լաւագոյն ձեւով ներկայացնել «Հ1»-ի եթերում փետրւարի 8-ին տեղի ունենալիք եզրափակիչ համերգ-մրցոյթին:
Եւ բոլորն էլ վստահ են, որ լաւագոյնները հէնց իրենք են լինելու: Նրանց շանսերը աւելի մեծ են, քան մնացած 7 մասնակիցների հնարաւորութիւնները: Երգչուհի եւ երաժշտական պրոդիւսեր Նադեժդա Սարգսեանի դուստր Էմմին կատարելու է իր «Hey» երգը աշխարհահռչակ պարող Միհրան Կիրակոսեանի ու նրա պարային խմբի հետ: Էմմիի մայրը գործի է դրել իր բոլոր երաժշտական կապերը եւ տարիների ընթացքում ձեռք բերւած ընկերական յարաբերութիւնները` երգը «լոբբինգ» անելու համար:
Իսկ Դոնի Ռոստովում ծնւած ու հնչեղ լատինա–ամերիկեան կեղծանուն ձեռք բերած Եւա Ռիվասն օգտագործում է իր հովանաւորի` «Տաշիր գրուպ» ընկերութեան սեփականատէր Սամուէլ Կարապետեանի աջակցութիւնը: Մի կողմից՝ բաւական լայն երաժշտական կապեր են, միւս կողմից` բաւական մեծ գումարներ: Ի դէպ` փողի գործօնը շատ կարեւոր է ռոստովդոնցի երգչուհու պարագայում, քանի որ լինելով շատ գեղեցիկ աղջիկ` Եւա Ռիվասն ամէն դէպքում միջակ երգչուհի եւ հայաստանեան շօու-բիզնեսում անյայտ անձ է:
Այդ երկու աղջիկների մրցավազքին թերեւս հազիւ է դիմանում Ռազմիկ Ամեանը, նա նոյնիսկ որոշել էր իր անունը հանել թեկնածուների ցանկից (այսպէս ասած` բոյկոտ յայտարարելու նպատակով), սակայն յետոյ փոխել էր միտքը: Ընդ որում` Ռազմիկը լուրջ բախում է ունեցել «Հ1»-ի հետ, քանի որ սկսել է սերտօրէն համագործակցել «Արմենիա» հեռուստաընկերութեան հետ, իսկ «Հ1»-ին դա դուր չի եկել: Նոյնիսկ իր «եւրատեսիլեան» երգը նա որոշել է առաջինը ոչ թէ «Եւրատեսիլի» կազմակերպիչ «Հ1»-ի եթերում հեռարձակել, այլ` «Արմենիա»-ի, ինչը, բնականաբար, դուր չի եկել մրցոյթի կազմակերպիչներին:
«Եւրատեսիլ-2010»-ի մասնակիցը դառնալու յաւակնութիւն ունեցող հայկական երգերն, իհարկէ, դեռեւս լայնօրէն չեն ներկայացւում, սակայն հնարաւորութիւն ունենալով դրանք լսել մինչ բախտորոշ եթերային օրը, կարելի է վստահ ասել, որ բոլոր ունկնդիրները կը դժւարանան որոշել` թէ «գլխաւոր» 3 երգերից ո՞րն է աւելի վատը:
Ռազմիկ Ամեանի կատարումը լսելիս, ոչ ոք չի կարող ասել, թէ այս երգիչը ո՞ր արեւելեան երկիրն է ներկայացնում, քանի որ Վահրամ Պետրոսեանի կողմից գրւած «My love» երգն իրենից հնդկա-արաբական խառնուրդ է ներկայացնում: Դա շատ ուրախ, անիմաստ ստանդարտ երգ է: Իսկ Ռազմիկի անգլերէն լեզւի առոգանութիւնն ու շեշտադրումներն այնքան վատն են, որ թերեւս հէնց միայն այդ պատճառով երգը կարելի է չուղարկել Օսլօ:
Իսկ Էմմիի եւ Միհրանի կատարումը դժւարութեամբ կարելի է երգ անւանել, քանի որ այն աւելի շուտ ռիթմիկ վարժանք է, որը զուրկ է մեղեդային շարքից: Երբ այն լսում ես` ամէն վայրկեան սպասում ես` բա ե՞րբ է բուն երգը սկսւելու: Իսկ վերջում էլ ընդունում ես, որ երգ չկար, կար միայն պարային պարտիտուրա: Էմմին ու Միհրանն, իհարկէ, տարբեր առիթներով նշել էին, թէ մի քանի երգեր են պատրաստել:
Եւա Ռիվասի համար գրւած «Apricot stone» երգը (կոմպոզիտոր Արմէն Մարտիրոսեան) թերեւս ամենահետաքրքիրն է, սակայն տպաւորութիւն է ստեղծւում, թէ այդ երգը տարբեր` իրար հետ ոչ մի կապ չունեցող հատւածներից է կազմւած: Էկլեկտիկ «Ծիրանի կորիզը» դժւար է հիթ համարել (ռոքայինի, բալլադայինի, ազգայինի խառնուրդ է):
Անկասկած, բոլոր 3 երգիչներն էլ իրենց սեփական դէմքն ու ոճն ունեն: Հիանալի ձայնային տւեալներ ունեն նաեւ Ռազմիկն ու Էմմին, սակայն այս տարւայ «Եւրատեսիլը», կարելի է ասել, որ առաջին հերթին ընդգծեց հայրենական երգերի ճգնաժամային վիճակը: Մենք երգիչներ ունենք, սակայն երգեր ու կարեւորը` միտք ունեցող երգեր չունենք, չկան:
Ինչեւէ, երգերից լաւագոյնը ընտրւելու է 50/50 տարբերակով, ժողովրդի «SMS»-ների եւ ժիւրիի քւէարկութեամբ:
Մրցոյթի շրջանակներում ծաւալւող պայքարի մասին փաստում է նաեւ «Հ1»-ի գլխաւոր պրոդիւսեր Հրաչ Քեշիշեանը, ով ասում է, թէ 3 հիմնական մրցակից երգերը եւ՛ վատ, եւ՛ լաւ կողմեր ունեն: Եւ հայաստանեան հանդիսատեսին խորհուրդ է տալիս չկենտրոնանալ միայն այդ 3-ի վրայ, այլ ուշադրութիւն դարձնել նաեւ մնացած 7 երգերին: Միգուցէ իսկապէս արժէ բոլոր երգերին թարմ հայեացքով նայել ու քւէարկել լաւագոյնի օգտին: Մէկ էլ տեսար` քւէարկութիւնը արդար եղաւ:

«168Ժամ»

0 Պատգամ: