«ԱՐՄԱՒԻԱ» ԱՒԻԱԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ.–
ԹԲԻԼԻՍԻԻ ՕԴԱՆԱՒԱԿԱՅԱՆԸ ՉԻ ԳՆՈՒՄ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ
Ըստ «Գրուզիա օնլայն» լրատւական գործակալութեան, Թբիլիսիի ու Երեւանի միջեւ 2010թ. փետրւարի 1-ից ժամանակաւորապէս դադարեցւել է օդային հաղորդակցութիւնը:
Տրանսպորտի միասնական աշխատակազմում նշել են, որ թռիչքների կասեցումը սեզոնային բնոյթ է կրում: Չւերթերը չեն կատարւելու ուղեւորահոսքի բացակայութեան պատճառով:
Ինչպէս PanARMENIAN–ի թղթակցին է հաղորդել «Արմաւիա» ընկերութեան մամլոյ քարտուղար Նանա Աւետիսովան, Թբիլիսի կատարւող չւերթները դադարեցւել են երկու պատճառով` սեզոնային եւ չւերթի այն սակագնի պատճառով, որը պահանջում է Թբիլիսիի օդանաւակայանը: «Այսօրւայ դրութեամբ սակագինը, որ սահմանել է Թբիլիսիի օդանաւակայանը, չի արդարացնում ծախսերը:
Աւիաընկերութեան ղեկավարութիւնը դիմել էր գները վերանայելու առաջարկով, սակայն Թբիլիսին զիջումների չգնաց»,-ասել է նա: Այս առնչութեամբ, նա յիշեցրել է, որ «Արմաւիան» դադարեցրել է այդ չւերթերը 2010թ. Յունւարի 15-ին: Ինչ վերաբերում է չւերթի վերսկսմանը, ապա Աւետիսովան դժւարացել է նշել կոնկրէտ ժամկէտներ: Երեւանի տարածքով Թբիլիսիից Մոսկւա չւերթերը կատարում էր «Արմաւիա» ընկերութիւնը:
Առաջին չւերթը ընկերութիւնը կատարել է 2009թ. մարտի 14-ին: 1996 թւականին ստեղծւած ազգային աւիափոխադրող` «Արմաւիա» աւիաընկերութիւնը լիովին համապատասխանում է Միջազգային օդային փոխադրամիջոցների միութեան (IATA) պահանջներին: «Արմաւիան» ամսական կատարում է մօտ 250 չւերթ, աւելի քան 30 ուղղութիւններով` ԱՊՀ, Եւրոպա, Մերձաւոր Արեւելք:
2008 թ-ին «Արմաւիա» աւիաընկերութիւնը փոխադրել է մօտ 647000 ուղեւոր: Ինքնաթիռների շարժակազմը կազմւած է Ա-319(3), Ա-320(2), Իլ-86, , ՅԱԿ-42 (VIP) օդանաւերից:

«ՓԱՆԱՐՄԷՆԻԱՆ»

0 Պատգամ: