ԻՆՉ ԽՈՍՏՈՒՄ Է ԿԱՏԱՐՒԵ՞Լ

Կառավարութիւնը Յունւարի 29-ին տեղի ունեցած նիստի ընթացքում կայացրել էր որոշում, որով նախատեսւում է հիպոթեկային վարկեր տրամադրել երիտասարդ ընտանիքների համար, որպէսզի նրանք բնակարան ձեռք բերեն:
Այդ որոշումը կայացնելիս յատուկ շեշտւել է, որ դա ներառւած էր Սերժ Սարգսեանի նախընտրական ծրագրում: Տեղեկատւութիւնը տարածող լրատւամիջոցները նաեւ ընդգծեցին, որ կառավարութիւնը 2011 թւականին ծրագրում է նաեւ մատչելի վարկեր տրամադրել ավտոմեքենաներ գնելու համար:
Դա էլ անշուշտ կը ներկայացւի որպէս Սերժ Սարգսեանի ծրագրի իրականացում: Դեռեւես 2007 թւականի նոյեմբերին, երբ ՀՀԿ համագումարը Սերժ Սարգսեանին առաջադրում էր նախագահի թեկնածու, իր ելոյթում նա յայտարարեց, թէ նախագահ դառնալու դէպքում, հինգ տարի անց Հայաստանում ամէն ընտանիք կունենայ բնակարան եւ մեքենայ գնելու հնարաւորութիւն:
Հիմա կառավարութիւնը համարում է, որ սկսել է ստեղծել Սերժ Սարգսեանի խոստացած այդ հնարաւորութիւնը: Մի կողմ թողնենք այն, որ իրականում, վարկ տրամադրելը դեռ չի նշանակում հնարաւորութիւն ստեղծել, որովհետեւ հնարաւորութիւնը ստեղծում են աշխատատեղով եւ բարձր աշխատավարձով:
Երիտասարդ ընտանիքին վարկ տալով հարցը չի լուծւում, որովհետեւ այդ ընտանիքը պէտք է աշխատանք ունենայ, ու այնքան աշխատավարձ, որ վարկը մարելուց յետոյ, բնակարանից ու մեքենայից բացի, կարողանայ նաեւ մի "երկու ձեռք" հագուստ գնել, մի քանի կտոր սնունդ, էլ չասած այդ բնակարանը ջեռուցելու, մեքենան բենզին կամ գազ լցնելու եւ այլնի մասին: Այնպէս որ, բնակարանի ու մեքենայի վարկ տալու մասին յայտարարելով հարցը չի լուծւում ամէնեւին:
Բայց, ամենակարեւորն ու էականը թերեւս դա չէ: Կարեւորն ու էականն այն է, թէ Սերժ Սարգսեանն իր նախընտրական էլ ինչ խոստում է կատարել անցած գրեթէ երկու տարւայ ընթացքում: Աւելի կոնկրէտ, արդեօք Սերժ Սարգսեանը կատարել է այն որակական փոփոխութիւնների խոստումները, որ տալիս էր նախագահի ընտրութիւնից առաջ եւ յետոյ, երբ ունենում էր նոր մտածողութեան եւ նոր որակի մասին ելոյթներ:
Արդեօք փոխւել է կառավարման համակարգի ձեւաւորման սկզբունքը, կադրային քաղաքականութեան սկզբունքը, փոխւել է տնտեսական քաղաքականութեան սկզբունքը, եւ արդե՞օք քայլեր են կատարւել երկրում իրապէս ազատ մրցակցային միջավայր ձեւաւորելու համար:
Չէ որ այդպիսի միջավայր ձեւաւորելու դէպքում կառավարման համակարգում յայտնւելը, տնտեսվարութեամբ զբաղւելը, ընդհանրապէս որեւէ ոլորտում գործունէութիւնը մրցակցային միջավայրում ծաւալելը, մեքենայ կամ բնակարան գնելու հնարաւորութիւնը թերեւս աւելի իրական կը լինի, քան կառավարութեան տւած վարկով դա անելը: Մինչդեռ մրցակցային միջավայրի ձեւաւորման ուղղութեամբ իշխանութիւնը որեւէ էական քայլ չի արել, ու Սերժ Սարգսեանը այդ հարցում չունի հասարակութեանը ներկայացնելու որեւէ կոնկրէտ քայլ, կոնկրէտ առաջխաղացում:
Կարո՞ղ էր, թէ չէր կարող Սերժ Սարգսյեանը դա անել, ուզում էր, թէ չէր ուզում: Այլ խօսակցութեան թեմայ է եւ բացարձակապէս կարեւոր չէ, քանի որ փաստը այն է, որ այդ առումով երկրում որեւէ որակական փոփոխութիւն չի եղել, ու չկան նախանշաններ, որ կարող է լինել:

ՋԵՅՄՍ ՅԱԿՈԲԵԱՆ
«ԼՐԱԳԻՐ»

0 Պատգամ: