ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՒԵԼ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ, ՈՐՊԷՍԶԻ ՉԽԱՐԽԼԻ ԹՈՒՐՔ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ
ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Բուլղարիայի խորհրդարանը հաւանութիւն չտւեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու առաջարկին: Ինչպէս գրում է թուրքական Zaman թերթը, ԱՏԱԿԱ կուսակցութիւնը խորհրդարանական յանձնաժողովում Թուրքիային առնչւող երեք առաջարկ ներկայացրեց:
Կուսակցութիւնը Բուլղարիայի խորհրդարանին կոչ արեց Անկարայից նիւթական հատուցում պահանջել Թրակիայից տեղահան արւած բուլղարացիների համար, 1396-1913թթ. իրադարձութիւնները բուլղարական ժողովրդի հանդէպ Օսմանեան կայսրութեան իրագործած ցեղասպանութիւն անւանել եւ ճանաչել 1915թ. Հայոց Ցեղասպանութեան փաստը:
Խորհրդարանը մերժեց բոլոր երեք առաջարկները` յայտարարելով, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ թուրք-բուլղարական յարաբերութիւնների համար: Հայոց Ցեղասպանութիւնը, որն իրագործւել է Օսմանեան կայսրութիւնում 1915-1923թթ., 20–րդ դարի առաջին ցեղասպանութիւնն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանութեան ժամանակ ոչնչացւեց վեց հայկական վիլայէթների բնակչութիւնը` շուրջ 1,5 միլիոն Հայ:
Եւս կէս միլիոնը սփռւեց աշխարհով մէկ` սկիզբ դնելով հայկական Սփիւռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց Ցեղասպանութեան պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականութիւն: Թուրքական պետութեան գործողութիւնները ներկայացւում են որպէս «բռնագաղթ»` հայերի անվտանգութիւնն ապահովելու նպատակով:
Հայոց Ցեղասպանութեան ճանաչման անհրաժեշտութեան մասին խօսում են միայն առանձին թուրք մտաւորականներ, որոնց թւում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելեան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: ԱՏԱԿԱ կուսակցութիւնը Բուլղարիայի քաղաքական կուսակցութիւն է, որը ստեղծւել է 2005 թւականին Սոֆիայում:
Որպէս քաղաքական սկզբունքներ կուսակցութիւնն առաջադրել է սահմանադրութեան կտրուկ փոփոխութիւնների եւ շտկումների պահանջով 20 կէտեր, մասնաւորապէս` ուղղափառ եկեղեցու ճանաչումը պաշտօնական կրօն եւ Բուլղարիայի ելքը ՆԱՏՕ-ից: ԱՏԱԿԱ-ն հանդէս է գալիս նաեւ Եւրոպական միութիւնում Բուլղարիայի անդամակցութեան դէմ:
«Փանարմէնիան»
0 Պատգամ:
Post a Comment