Ալիևը փորձել է հիմնաւորել «յաւերժ իշխելու» իր ցանկութիւնը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրոյց է տւել Euronews-ին, որում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչւող հարցերից բացի ստիպւած է եղել պատասխանել լրագրողի մի քանի թունօտ, տեղ–տեղ նոյնիսկ ծաղրալի դիտարկումներին։
Մասնաւորապէս, լրագրողը Ադրբեջանի նախագահից փորձել է պարզել, թէ ինչպէս է նա վերաբերւում այն խօսակցութիւններին, որ ինքը ղեկավարում է Ադրբեջանը որպէս յետ–խորհրդային բռնապետութիւն։
Ալիևը սկսել է նրանից, որ «վիրաւորական» է համարել նման կարգի արտայայտութիւնները: «Երբեմն մենք դառնում ենք լիովին չարդարացւած, ծայրայեղ անկողմնակալ քննադատական յարձակումների թիրախը` լինի դա միջազգային մամուլում, թէ այսպէս կոչւած միջազգային իրաւապաշտպան խմբերում: Բոլոր փորձերը՝ ներկայացնել Ադրբեջանը որպէս ոչ ժողովրդավարական երկիր, բացարձակապէս անընդունելի են: Մենք քաջ գիտակցում ենք, որ որքան մեծանայ Ադրբեջանի կարևորութիւնը, այնքան աւելի են յաճախանալու աշխարհի բոլոր կողմերից երկրի վրայ ճնշումներ գործադրելու փորձերը»,- մեկնաբանել է Ադրբեջանի նախագահը:
Լրագրողի այն դիտարկմանը, որ Ադրբեջանում ընդդիմութիւնը զուրկ է իրական քաղաքական շանսերից, ընդդիմադիր գործիչները` խօսքի ազատութիւնից, Ալիևը պատասխանել է, որ Ադրբեջանի ընդդիմութիւնը թոյլ է, և ինքն իրեն դրա համար մեղաւոր չի համարում: «Ես նոյնիսկ կարող եմ ասել, որ այժմ ընդդիմութիւնը աղէտալի վիճակում է, քանի որ Ադրբեջանի ժողովուրդն օր օրի աւելի լաւ է ապրում... Ի՞նչ կարող է տալ ընդդիմութիւնը: Միայն քննադատե՞լ: Դէ ինչ, նրանք դրանով զբաղւում են ամէն օր, և մենք դէմ չենք»,- պարզաբանել է Ալիևը:
Յիշեցնելով, որ 2009թ. մարտին Ադրբեջանում սահմանադրական հանրաքւէի արդիւնքում հանւեց նախագահական մանդատների թւի սահմանափակումը, լրագրողը հետաքրքրւել է, թէ արդեօ՞ք Ալիևը մտադիր է յաւերժօրէն ղեկավարել երկիրը, ինչի Ալիևը պատասխանել է. «Դէ գիտէք, դա կատարւել է … ոչ անձնական պատճառներով: Նման պրակտիկայ գոյութիւն ունի բազմաթիւ երկրներում»:
«Բայց ոչ ժողովրդավարական երկրներում»՝ լրագրողի դիտարկմանը Ալիևն օրինակ է բերել եւրոպական երկրները, որտեղ կայ թագաւոր, իսկ վարչապետը կարող է վերընտրւել թէկուզև 5 անգամ: Նախագահի կարծիքով՝ դա այնքան էլ չի տարբերւում այն իրավիճակից, որն առկայ է Ադրբեջանում։


Tert.am

0 Պատգամ: