Նիւ Եորքում քննարկւել է Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը


13:10 / 13.02.2010
Փետրւարի 11-ին Նիւ Եորքում անց է կացել «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում, տարածաշրջանում անվտանգութեան եւ համագործակցութեան հեռանկարներ» թեմայով քննարկումը, որը համատեղ կազմակերպել էին «Ֆլեթչեր» ակումբը եւ «Սենչըրի» հիմնադրամը:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատւութեան վարչութիւնից, քննարկումներին մասնակցել են միջազգային իրաւունքի եւ յարաբերութիւնների մասնագէտներ, Նիւ Եորքի գործարար եւ դիւանագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառման բանախօսներն են եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգէն Սարգսեանը եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարէն Նազարեանը:
Անդրադառնալով տարածաշրջանում առկայ մարտահրաւէրներին, Հայաստանի ներկայացուցիչները խօսել են Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման առնչութեամբ Հայաստանի մօտեցումների մասին: Այս առթիւ նշւել է, որ Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացումը եւ դրանց դրոյթների կատարումն ակնկալում եւ կարեւորում է ոչ միայն Հայաստանը, այլեւ միջազգային հանրութիւնը: Բանախօսներն իրենց խօսքում անդրադարձել են ՀՀ ՍԴ կայացրած որոշմանը` վերահաստատելով Հայաստանի կառուցողական կեցւածքը խնդրոյ առարկայի վերաբերեալ եւ կարեւորելով թրքական կողմի ստանձնած միջազգային յանձնառութիւնների կատարման անհրաժեշտութիւնը, ինչը տարածաշրջանում կը յանգեցնի համագործակցութեան բարենպաստ միջավայրի ստեղծմանը:
Հանդիպմանը բանախօսները ներկայացրել են նաեւ ԼՂ խնդրի խաղաղ կարգաւորման բանակցային ներկայ փուլի առնչութեամբ Հայաստանի դիրքորոշումներն ու պատասխանել ներկաների բազմաթիւ հարցերին:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: