Նախագահի ուղերձը, ըստ վարչապետի, «նոր էջ բացեց Հայ-թրքական յարաբերութիւններում»


Վարչապետ Տիգրան Սարգսեանն ու Մարի Եովանովիչը մասնակցում են Հայ-թրքական յարաբերութիւնների նւիրւած քննարկման։


12.02.2010
Տիգրան Աւետիսեան«Կարծում եմ, քաղաքական հարթութեան մէջ Հայաստանի կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն արդէն իրականացւել են, եւ պահն է, որ Հայաստանի ու Թուրքիայի նախագահները դրսեւորէն քաղաքական կամք եւ գնան առաջ` վաւերացնելով արձանագրութիւններն ու բացելով երկու երկրների միջեւ եղած սահմանը»։
Մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսեանի` Աբդուլա Գիւլին յղած վերջին ուղերձը՝ ուրբաթ օրը Հայաստանում ամերիկեան առեւտրային պալատի եւ Միացեալ Նահանգների դեսպանատան կազմակերպած քննարկումների ժամանակ յայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը։
«Թուրքիայի նախագահին յղած իր ուղերձով Սերժ Սարգսեանը միանգամայն նոր էջ բացեց Հայ-թրքական յարաբերուիւններում։ Անկախ այն բանից` դուր է գալիս դա մեր ընդդիմախօսներին, թէ ոչ, մենք բոլորս այսուհետ պէտք է հաշւի նստենք այս նոր իրողութեան հետ», - ասաց Տիգրան Սարգսեանը՝ շարունակելով. - «Հանրապետութեան նախագահի ուղերձը, կարծում եմ, բոլոր կասկածները հանում է այն առումով, որ սա որեւիցէ դիւանագիտական խաղ չէ, այլ մեր անկեղծ ձգտումն է հարեւան պետութիւնների հետ հաստատելու «բարի–դրացիական» յարաբերութիւններ»:
«Հայ-թրքական յարաբերութիւններ եւ միջսահմանային ռեգիոնալիզմ» խորագրի ներքոյ կայացած քննարկումներին մասնակցում էին նաեւ Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպան Մարի Եովանովիչը եւ Թուրքիայի Տնտեսական քաղաքականութեան հետազոտութիւնների հիմնադրամի նախագահ Գիւվէն Սակը:
Վարչապետը իր ելոյթում, մասնաւորապէս, նշեց, որ նախագահի ուղերձով վերահաստատւեց Հայաստանի այն դիրքորոշումը, որ երկկողմ յարաբերութիւները չեն կարող պայմանաւորւած լինել երրորդ կողմով, եւ այդ յարաբերութիւնները պէտք է հաստատւեն առանց նախապայմանների։
Տիգրան Սարգսեանը յատուկ կարեւորեց նաեւ Սերժ Սարգսեանի` Լոնդոնում ունեցած ելոյթը` յիշեցնելով. - «Նախագահը արեց կարեւոր մի քաղաքական յայտարարութիւն, որ ստորագրւած արձանագրութիւններն իր կողմից ուղարկւում են Ազգային ժողով՝ դրանով իսկ եւս մէկ անգամ հաւաստիացնելով, որ մենք պատրաստ ենք այդ արձանագրութիւնների վաւերացմանը»:
Իսկ հայկական կողմից, վարչապետի խօսքով, վաւերացումը որեւէ կերպ վտանգւած չէ, քանի որ իշխող կուսակցութիւնը խորհրդարանում բաւարար ներկայացւածութիւն ունի:
«Այս փուլում շատ աւելի մեծ դերակատարութիւն ունեն քաղաքական իշխանութիւնները», - շարունակեց նա: - «Նրանց յստակ կեցւածքից շատ բան է կախւած, որովհետեւ դա ազդակ է ե'ւ հանրութեանը՝ մեր քաղաքացիներին, դա ազդակ է նաեւ միջազգային հանրութեանը»:
Նշելով, որ Միացեալ Նահանգները, Եւրամիութիւնը եւ Ռուսաստանը պաշտպանում են Երեւանի դիրքորոշումը՝ Տիգրան Սարգսեանը ասաց. - «Բոլորն էլ սատարում են մեզ գնալ այս ուղղութեամբ: Եւ ես ուզում եմ ձեզ հաւաստիացնել, որ սա խորը գիտակցւած քայլ է»:
Հայ հասարակութեան որոշ շրջանակներում ու յատկապէս սփիւռքահայ հատւածում եղած մտահոգութիւնները Տիգրան Սարգսեանը համարում է շատ բնական. - «Որովհետեւ պատմութիւնից մենք ստացել ենք այնպիսի ժառանգութիւն ու այնպիսի ցաւ, որը մէկ անկթարթում յաղթահարել հնարաւոր չէ»:
Վարչապետի համոզմամբ, երկու հասարակութիւններում առկայ այն շերտերը, որոնք շահագրգիռ են մերձեցմամբ, քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւնների զարգացմամբ, իշխանութիւնների աջակցութեան կարիքն ունեն. - «Այդ ուժերին աջակցելու համար մենք մեծ անելիք ունենք: Հակառակ դէպքում այդ ուժերը կարող են յայտնւել փոքրամասնութեան մէջ»:
Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպան Մարի Եովանովիչը, իր հերթին, վերահաստատեց իր երկրի լիակատար աջակցութիւնն այս գործընթացին՝ ընդգծելով, որ սկսած «ֆուտբոլային դիւանագիտութեան» մեկնարկից մինչեւ հիմա` երբ երկու նախագահներն ուղերձներ փոխանակեցին, Հայաստանն ու Թուրքիան «տպաւորիչ քայլեր են կատարել յարաբերութիւների կարգաւորման ուղղութեամբ»։
Եովանովիչը նշեց, որ սահմանի բացումն ու տնտեսական յարաբերութիւնների զարգացումը լայն հեռանկարներ կը բացեն ժողովուրդների մերձեցման, ինչպէս նաեւ տարածաշրջանային անվտանգութեան ամրապնդման համար:
«Տնտեսական հետազոտութիւնները վկայում են, որ դա բարենպաստ ազդեցութիւն կունենայ երկու երկրների տնտեսութիւնների վրայ», - ասաց նա՝ շարունակելով. - «Ոչ ոք չի մոռանում անցեալը, բայց նաեւ մեծամասնութիւնը նայում է ապագային»:
Թուրքիայի Տնտեսական քաղաքականության հետազոտութիւնների հիմնադրամի նախագահ Գիւվեն Սակը իր ելոյթում մեծ կարեւորութիւն տւեց միջսահմանային առեւտրին՝ նշելով, որ տնտեսութիւնն ինքնին նաեւ «շատ քաղաքական հարցերի լուծման բանալին կարող է լինել»:
«Աքատութիւն»

1– Մեզ թւում էր, որ Հայաստանի իշխանութիննրը ինչ որ չափով իրենց դուրս են հանել քաղաքական խակութեան պատանքից, սակայն հակառակ Սերժ Սարգսեանի Լոնդոնեան արտայայտութիւնների, անչափահաս վարչապետը դեռ չի սովորել դիւանագիտութեան ամենատարրական սկզբունքը, որը թելադրում է այն՝ որ ընտանեկան ու ներքին խոհանոցային հարցերը չեն բացայայտւում նոյնիսկ դրացու մօտ, էլ ին՜նչ մնացած՝ Թուրքիայի Տնտեսական քաղաքականության հետազոտութիւնների հիմնադրամի նախագահ Գիւվէն Սակի ներկայութեամբ!!!։
2– Այսույետ՝ ոչ միայն վարչապետը, այլ որեւէ պետական ու ոչ պետական պաշտօնեայ, թող իրեն չթոյլատրի ներկայ Հայաստանի գոյատեւումը երաշխաւորող ու Հայկական Հարցը միշտ թարմ պահող Պատւական Սփիւռքի մասին անյարմար յայտարարութիւններ կատարի։ Սփիւռքը դեռ չի մոռացել այն բանտարկեալներին ու զոհերին, որոնք նահատակւեցին յանուն Հայ Դատի՝ ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանի ներկայ իշխանաւորները հէնց Սփիւռքից ուղարկւած նպաստներով էին իրենց գոյապրուստը անցկացնում։ Հայաստանը շատ վճարելիքներ դեռ ունի Սփիւռքին... Դուք, Ձեր՝ անյարմար ու աներախտապարտ արտայայտութիւններով պարտադրում էք ասել այն ին՛չ, որ չպիտի ասել, բայց կարծես Սփիւռքի ցուցաբերած կեցւածքը դաս չեղաւ Ձեր համար ու չընկալւեց Ձեր կողմից։ Վ.

0 Պատգամ: