ՏԻՊԻԿ ԹՐՔԱԿԱՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ


Թուրքիայում աւարտւել է երկրի հարաւում գտնւող Ադիյաման նահանգի Կախտա քաղաքում դիտաւորեալ սպանութեան կասկածանքով ձերբակալւած երկու բնակչի, որոնք հայր և որդի են, աղմկահարոյց գործի հետաքննութիւնը:
Վերջիններս մեղադրւում էին իրենց 16-ամեայ աղջկան (թոռանը)` Մեդինէ Մեմիին սպանելու մէջ: Դէպքը պատահել է անցած տարւայ դեկտեմբերին:
Ինչպէս նախօրէին հաղորդել է The Daily Mail պարբերականը, Մեմիի սիրային յարաբերութիւններն իր հասակակցի հետ սուր քննադատութեան են արժանացել աղջկայ հարազատների կողմից: Պատանիների ընկերութեանը վերջ տալու նպատակով Մեմիի հայրն ու պապը որոշել են դիմել ծայրայեղ քայլի չխորշելով անգամ իրենց հարազատին սպանելուց:
Տան մօտ գտնւող հաւաբնի կողքին չարագործները փորել են մօտ երկու մետր խորութեամբ փոս, ապա, կապելով աղջկայ ձեռքերը՝ թաղել: Մեմիի մարմինը յայտնաբերւել է միայն 40 օր յետոյ:
Փորձաքննութեան արդիւնքների համաձայն՝ նրա ստամոքսում յայտնաբերւել է հողի որոշակի քանակութիւն, ինչը վկայում է այն մասին, որ աղջիկը կենդանի է եղել և փորձել է դիմադրել: Գործն աւարտելուց յետոյ աղջկայ հայրն ու պապը ցեմենտապատել են փոսը:
Հարցաքննութեան ժամանակ վերջիններս խոստովանել են իրենց մեղքը և ասել, «ընտանեկան ժողովի» ժամանակ որոշել են սպանել իրենց հարազատին, քանի որ նա համարձակւել է շփւել տղաների հետ և «խայտառակել իր ընտանիքը»:
Աղջկայ մօր՝ Իմիխանի խօսքով՝ դստեր մահւան մէջ մեղաւոր է նաև քաղաքի ոստիկանութիւնը: Սպանութիւնից որոշ ժամանակ առաջ Մեմին օգնութեան խնդրանքով դիմել էր ոստիկաններին, սակայն վերջիններս աղջկայ խնդրանքը «բանի տեղ չէին դրել»:
Ինչպէս գրում է բրիտանական The Guardian օրաթերթը, նման ճանապարհով Թուրքիայի յատկապէս հարաւ–արևելեան շրջաններում սպանւում է շուրջ 200 մարդ:


«Կապիտալ»

0 Պատգամ: