MILLIYET.–
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՄԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՏԻՆ ԵՆ ՓՉՈՒՄ

«Լոնդոնում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման արդիւնքների առնչութեամբ շրջանառւող լուրերը վկայում են այն մասին, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը յայտնւել է պատային իրավիճակում»,- գրում է թուրքական Milliyet օրաթերթի յօդւածագիր Սեմիհ Իդիզը՝ աւելացնելով, որ ստեղծւած իրավիճակում Թուրքիան դիւանագիտական տեսանկիւնից այնքան էլ շահեկան վիճակում չէ, ինչպէս պնդում են Անկարայում:
«Երբ մեր արտգործնախարարութիւնը յայտարարեց, թէ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը խարխլում է բանակցային գործընթացը, մենք կարծեցինք, թէ Անկարան դիւանագիտական տեսանկիւնից իրեն հզօր է զգում... Սակայն արևմտեան դիւանագէտների յայտարարութիւններից երևում է, որ դա այնքան էլ այդպէս չէ:
Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի շահագրգիռ կողմերի արտգործնախարարները կամ արտաքին քաղաքական գերատեսչութիւնների բարձրաստիճան պաշտօնեաները հարցի առնչութեամբ հանդէս եկան իրենց դիրքորոշումները վերահաստատող յայտարարութիւններով, որոնցով ի ցոյց են դրւում հետևեալ երկու հիմնական իրողութիւնները.
1. Շահագրգիռ կողմերից և ոչ մէկը չի ընդունում Ցիւրիխում ստորագրւած արձանագրութիւնների կապը Ղարաբաղեան հիմնախնդրի հետ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը նոյնիսկ հայտարարեց, թէ Անկարայի կողմից այդ գործընթացների շաղկապումը կրում է «արհեստական» բնոյթ:
2. Շահագրգիռ կողմերը Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչութեամբ համակարծիք են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ»,- գրում է Սեմիհ Իդիզը: Յիշեցնենք, որ օրեր առաջ Ֆիլիպ Գորդոնը դրական էր գնահատել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը:
Թուրք յօդւածագիրը, խօսելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ արձանագրային գործընթացում Անկարայի՝ Երևանից մէկ քայլ առաջ լինելու վերաբերեալ հնչեցրած յայտարարութիւնների մասին, վկայակոչում է արևմտեան դիւանագէտներին և ընդգծում, որ այդ յայտարարութիւնները չեն համապատասխանում իրականութեանը:
«Միջազգային քամիները փչելու են ի նպաստ Հայաստանի: Վարչապետ Էրդողանի՝ «մէկ քայլ առաջ ենք, որովհետև արձանագրութիւնները ներկայացրել ենք խորհրդարանին» փաստարկն այնքան էլ հիմնաւոր չէ: Մի դիւանագէտ այդ յայտարարութեանը տալիս է հետևեալ պատասխանը. «Կառավարութիւնն այդ արձանագրութիւնները վաւերացման համար ներկայացրել է խորհրդարան: Սակայն այդ ուղղութեամբ որևէ ջանք չի գործադրւում»: Իսկ սա այն դէպքում, երբ ՀՀ ՍԴ որոշումը որակւում է որպէս շօշափելի քայլ՝ ուղղւած գործընթացն առաջ մղելուն»,- գրում է Milliyet-ի յօդւածագիրը:
Սեմիհ Իդիզը, խօսելով նաև Թուրքիայի՝ Հայաստանի ՍԴ որոշման առնչութեամբ երրորդ կողմից գրաւոր երաշխիքներ ստանալու սպասումների մասին, նշում է, որ իր ունեցած տեղեկութիւնների համաձայն՝ շահագրգիռ կողմերից որևէ մէկն առայժմ այդ երաշխիքը չի տւել Անկարային:
«Մէկ այլ դիւանագէտ հարցի առնչութեամբ ասաց հետևեալը. «Ասենք՝ Անկարան ստացաւ այդ երաշխիքը: Իսկ մի՞թէ Հայաստանի մօտ ցանկութիւն չի առաջանայ երաշխիքներ պահանջել այն առնչութեամբ, որ Ղարաբաղեան հիմնախնդիրը չի շաղկապւելու Հայ-թրքական յարաբերութիւնների գործընթացին»:
Սեմիհ Իդիզն իր յօդւածը եզրափակում է՝ վկայակոչելով արևմտեան դիւանագէտներին և նշում, որ շահագրգիռ կողմերն արձանագրային գործընթացում սպասում են Անկարայի քայլին. «Ներկայ պահին միջազգային հանրութիւնը պահանջում է, որ արձանագրութիւնները վաւերացւեն խորհրդարանների կողմից և կեանքի կոչւեն: Մեզ հետ զրոյցում մի շարք դիւանագէտների յայտարարութիւնները վկայում են այն մասին, որ առաջին քայլն ակնկալւում է Անկարայի կողմից: Սակայն դա չի լինի «Ղարաբաղեան նախապայմանի» պատճառով: Այդ դէպքում դիւանագիտական ֆիասկոյից բացի մի՞թէ այլ բան է մնում»:


«ԿԱՊԻՏԱԼ»

0 Պատգամ: