Յիշելով Շուշին. ազատագրումից 18 տարի անց


Ամէն տարի մայիսի 9-ին Շուշիի բնակիչները յիշում են իրենց քաղաքի ազատագրման երջանիկ օրը:
Սուրէն Մուսայելեան
Երբ 18 տարի առաջ այս օրը խիզախ հայորդիները կազմ ու պատրաստ էին յարձակումից առաջ, որը բեկումնային էր լինելու Արցախեան պատերազմում, շատերի մտքում թերևս Հայրենական մեծ պատերազմում իրենց պապերի տարած յաղթանակն էր:
1992 թւականի մայիսի 8-ի վաղ առաւօտեան` 47 տարի անց այն բանից յետոյ, երբ հայերը Բեռլինում Քոչարի պարեցին Եւրոպայում Հայրենական մեծ պատերազմի յաղթական աւարտի առթիւ, լաւագոյն հայ զինւորները սկսեցին գրոհել Շուշին` Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող Ղարաբաղի մայրաքաղաքից 10 կմ հեռաւորութեան վրայ տեղակայւած ռազմավարական նշանակութեան քաղաքը: Մէկ օր անց Ստեփանակերտի և մօտակայ գիւղերի խաղաղ բնակչութեանը կրակի տակ պահող ադրբեջանցիների ռազմական հզօր յենակէտը ընկաւ` դուռ բացելով Արցախեան պատերազմում հայերի հետագայ յաղթանակների համար:
Այսօր` յաղթանակից 18 տարի անց, Շուշիի ազատագրման մասնակիցները յիշում են այդ օրերը և գալիք յաղթանակների համար դրանց նշանակութիւնը:
Բժշկուհի Աիդա Սերոբեանը, ով Արցախ էր մեկնել այն ժամանակ, երբ հեռուստացոյցով լսել էր, որ Արցախում բուժաշխատողներ են հարկաւոր, ասում է. «Շուշիի ազատագրումը հնարաւորութիւն տւեց Ստեփանակերտում երկու տարի փողոց դուրս չեկած մարդկանց դուրս գալ իրենց նկուղներից»:
«Երեխաները, որ նկուղներում էին ծնւել, Շուշիի ազատագրումից յետոյ առաջին անգամ լոյս աշխարհ դուրս եկան»:
Շուշիի ազատագրման մասնակիցներից և միայն ուսանողներից բաղկացած ջոկատի կազմում կռւած Իգոր Սարգսեանն ասում է, որ Արցախեան պատերազմը դեռ չի աւարտւել, ու հայ ժողովուրդը պէտք է ամէն վայրկեան պատրաստ լինի պատերազմի:
Ըստ Սարգսեանի` 1994 թ. հրադադարից յետոյ Հայաստանում և Ղարաբաղում համեմատական խաղաղութեան տարիներն փոխել են մարդկանց արժէհամակարգը, քանի որ արժէքն այժմ հերոսութիւնը, նւիրւածութիւնը և զոհաբերութիւնը չեն, այլ ագահութիւնն ու անազնւութիւնը:
Սարգսեանն ու Սերոբեանն ասում են, որ եթէ հարկ լինի, ապա նորից կը գնան ու կը կռւեն հայրենիքի համար: «Եթէ ոչ մենք, ապա էլ ո՞վ պիտի ոտքի կանգնէր հայրենիքի պաշտպանութեան համար: Մեր սերունդն իրականացրեց իր առջև դրւած խնդիրը»,- ասում է Սարգսեանը:

(Համահեղինակ` թղթակից Սիրանոյշ Գէորգեան)«Արմենեան Նաօ»

0 Պատգամ: