Սերժ Սարգսեան.–
Մենք խոնարհւում ենք մայիսեան յաղթանակները կռող անմահների յիշատակի առջեւ
«Հայ ժողովուրդը վճռական է ազատ ապրելու և չհանդուրժելու իր դէմ կիրառւող որևէ բռնութիւն»



11:02 / 08.05.2010
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Յաղթանակի ու խաղաղութեան տօնի առթիւ, որում մասնաւորապէս ասւում է.
"Սիրելի հայրենակիցներ, Յարգելի վետերաններ,
Շնորհաւորում եմ ձեզ Յաղթանակի և խաղաղութեան տօնի կապակցութեամբ:
Հայրենական մեծ պատերազմի յաղթական աւարտը մեր ժողովրդի և երկրի համար պատմական իրադարձութիւն էր, որ դարձաւ նոր մեկնարկ, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով մեր տնտեսութիւնն ու մշակոյթը նոր մակարդակի բարձրացնելու հզօր ազդակ: Այդ յաղթանակի համար մեր ժողովուրդը ոչինչ չխնայեց: Տւեցինք մեծաթիւ զոհեր, որոնց յիշատակը վառ են պահելու նաև մեր զաւակները: Ունեցանք հերոսներ ու զօրավարներ, որոնց սխրանքը, որպէս հայրենասիրութեան ու ռազմարւեստի օրինակ, ոգեշնչելու է ներկայ ու գալիք սերունդներին:
Ճակատագրի բերումով 1992 թւականի նոյն այս օրը Հայոց պատմութիւնն արձանագրեց նոր յաղթանակ: Շուշիի ազատագրումը փառք ու պատիւ բերեց Հայոց անվեհեր ռազմիկներին: Դա մեր պատասխանն էր նրանց, ովքեր մեր ժողովրդի դէմ սանձազերծեցին էթնիկ զտումներ, կոտորածներ ու պատերազմ: Հայ ժողովուրդն այլևս վճռական է ազատ ապրելու և չհանդուրժելու իր դէմ կիրառւող որևէ բռնութիւն:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք խոնարհւում ենք մայիսեան յաղթանակները կռող անմահների յիշատակի առջև: Նրանք արեամբ նւաճեցին մեր ժողովրդի ապրելու և զարգանալու իրաւունքը, պատմական հնարաւորութիւնն ու հեռանկարը: Մենք երախտապարտ ենք նրանց:
Կրկին շնորհաւորում եմ բոլորիս այս մեծ տօնի առթիվ: Մենք հպարտ ենք մեր յաղթանակներով և դրանք ամրապնդելու ենք ստեղծագործ աշխատանքով:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: