Ժիրայր Սեֆիլեան
Շուշիի ազատագրումը մեր ժողովրդի պատմութեան լաւագոյն պահերից է

08:12 • 08.05.10
Շուշիի ազատագրումը մեր ժողովրդի պատմութեան լաւագոյն պահերից մէկն էր այն իմաստով, որ մեր պատմութեան մէջ մենք հազւադէպ ենք հանդիպում այնպիսի դէպքերի, երբ ամբողջ հայութիւնը միաւորւում է որևէ նպատակի և գաղափարի շուրջ։
Բերդաքաղաքի ազատագրումը Tert.am-ի հետ զրոյցում այսպէս բնութագրեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլեանը:
«Համոզւած եմ, որ այդ օրերին երկրագնդի վրայ չէր գտնւի մի մարդ, որը դէմ լինէր, որ հայերն ազատագրէին Շուշին, և այդ իմաստով լաւ պահ էր»,- շարունակեց Սեֆիլեանը` աւելացնելով, որ պատերազմի օրերին դաշտում գտնւող մարտիկներն իրենց թիկունքին զգում էին հայ ժողովրդի շունչը։ «Այդ ոգու, այդ հոգու միաւորումը, ես կարծում եմ, ստեղծում էր մի մեծ ուժ, մի մեծ էներգիա, և այդպիսի մեծ ուժի, անշուշտ, ոչինչ չէր կարող կասեցնել»,- նշեց նախկին հրամանատարը` ցաւով նկատելով, որ մեր ժողովրդի մօտ հազւադէպ է պատահում այնպիսի միակամութիւն, ինչպիսին կար Շուշիի ազատագրման օրը։
Նա նշեց, որ արդէն Շուշիի ազատագրման որերորդ տարեդարձն է, որ իրենք տօնական տրամադրութիւն չեն ունենում այն պատճառով, որ երկրում կան խնդիրներ, մասնաւորապէս, քանի դեռ «Սասուն Միքաէլեանների նմանները բանտում են, քանի դեռ ժողովուրդը կեղեքւած է մի խումբ հարուստների կողմից»։
Այնուամենայնիւ, Ժիրայր Սեֆիլեանն այն օրերի յաղթական ոգին վերադարձնելու յոյսը չի կորցրել:
«Ես, միաժամանակ, յոռետես չեմ, ես համոզւած եմ, որ մեր մօտ ոգեղէնութիւնը չի կորել` նւազել է, բայց չի կորչել։ Ուզում եմ ասել, որ այդ ոգեղէնութիւնը վերականգնելը մեզ համար այնքան էլ դժւար չի լինելու, կը գայ պահը, և մենք կը մաքրենք մեր տան ներսը և կամաց-կամաց այդ ոգեղէնութիւնն իր բարձր մակարդակում կլինի»,- համոզմունք յայտնեց Ժիրայր Սեֆիլեանը։
Tert.am

0 Պատգամ: