Թուրքիայի ԱԳՆ.-
2+2= 5 կամ 6.
Առաջիկայում Անկարան Հայաստանի առնչութեամբ ոչինչ չի ծրագրել: Այս մասին, թրքական Cumhuriyet օրաթերթի փոխանցմամբ, յայտարարել է Թուրքիայի արտգործնախարարութեան մամուլի քարտուղար Բուրաք Օզուգերգինը:
Անդրադառնալով Իսրայէլի խորհրդարանի (Քնեսեթ) օրակարգում ներառւած Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող օրինագծին` Օզուգերգինը յոյս է յայտնել, որ դրա ընդունումը կտապալւի:
«Յոյսով ենք, որ ինչպէս անցեալում, այս անգամ էլ այդ օրինագիծն անպտուղ կմնայ: Մեր դիրքորոշումը խորհրրդարանների կողմից պատմութիւնը դատապարտելու հարցում յայտնի է: Եթէ պատմութեամբ զբաղւեն պատմաբանները, շատ աւելի լաւ կը լինի»,- յայտարարել է Օզուգերգինը:
Լրագրողներից մէկի այն հարցին, թէ ինչպիսի զարգացումներ են սպասւում Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում, Թուրքիայի ԱԳՆ մամուլի խօսնակը յայտարարել է, որ առաջիկայում Հայաստանի հետ կապւած ոչինչ ծրագրւած չէ:Օզուգերգինը հրաժարւել է մեկնաբանել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մաթիւ Բրայզայի` Բաքւում Միացեալ Նահանգների դեսպան նշանակւելու մասին լուրերը:
Անդրադառնալով հայկական մամուլում Ղարաբաղեան հիմնախնդրի առնչութեամբ լոյս տեսած վերջին հրապարակումներին` Օզուգերգինը յայտարարել է. «Այնպիսի տպաւորութիւն է, թէ ստորագրելով արձանագրութիւնները և սկսելով յարաբերութիւնների կարգաւորման գործընթաց, մենք այլևս չենք կարող հետաքրքրւել Ղարաբաղեան հիմնախնդրով»:
«Այս տրամաբանութիւնը հնարաւոր չէ ընկալել. արձանագրութիւնները ստորագրեցինք և այդ պատճառով դադարում ենք հետաքրքրւել տարածաշրջանով` մեր ողջ ուշադրութիւնը կենտրոնացնելով Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ: Դա տարօրինակ տրամաբանութիւն է: Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման դէպքում պէտք է կորուստներ չունենանք նաև Ղարաբաղում, և հակառակը: Մաթեմատիկայում 2+2 միշտ հաւասար է 4-ի: Սակայն միջազգային յարաբերութիւններում այդ գումարը կարող է հաւասար լինել 5-ի կամ 6-ի: Կովկասի խաղաղութիւնն էլ նման մի բան է: Եթէ Հայաստանի և Ադրբեջանի միջև յարաբերութիւնները կարգաւորւեն, և եթէ մենք էլ յարաբերութիւնները կարգաւորենք Հայաստանի հետ, ձեռք բերւելիք արդիւնքը շատ աւելի մեծ է լինելու: Մենք հէնց դա ենք ցանկանում ապահովել»,- յայտարարել է Օզուգերգինը:


Tert.am

0 Պատգամ: