Այսօր Մամուլի ազատութեան միջազգային օրն է


11:29 / 03.05.2010
1993 թւականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեան յատուկ բանաձեւով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատութեան համաշխարհային օր:
Իսկ մայիսի 3-ն ընտրւել է այն պատճառով, որ հէնց այդ օրը աֆրիկեան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկեան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկեան հռչակագիրը, որով կոչ է արւում կառավարութիւններին՝ ապահովել մամուլի ազատութիւնն ու նրա ժողովրդավարական բնոյթը: Հռչակագրում ընդգծւում էր, որ ազատ և անկախ մամուլը իւրաքանչիւր ժողովրդավար հասարակութեան կարևորագոյն մասն է համարւում:
Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը հանդէս է գալու ամենամեայ ուղերձով:
Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի յօդւած 19-ը մասնաւորապէս ասում է, որ ամէն ոք ունի համոզմունքների ազատութեան և դրանք ազատօրէն արտայայտելու իրաւունք։ Այդ իրաւունքը ներառում է սեփական համոզմունքներին հաւատարիմ մնալու և ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից՝ տեղեկութիւններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատութիւն։
Հայաստանի Սահմանադրութեան 27-րդ յօդւածում էլ նշւած է, որ իւրաքանչիւր ոք ունի իր կարծիքն ազատ արտայայտելու իրաւունք: Արգելւում է մարդուն հարկադրել հրաժարւելու իր կարծիքից կամ փոխելու այն: Իւրաքանչիւր ոք ունի խօսքի ազատութեան իրաւունք, ներառեալ՝ տեղեկութիւններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատութիւնը՝ տեղեկատւութեան ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատւամիջոցների և տեղեկատւական այլ միջոցների ազատութիւնը երաշխաւորւում է։ Պետութիւնը երաշխաւորում է տեղեկատվւական, կրթական, մշակութային և ժամանցային բնոյթի հաղորդումների բազմազանութիւն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսութեան առկայութիւնը և գործունէութիւնը։
Նշենք, որ ամէն տարի մայիսի 3-ին Լրագրողների պաշտպանութեան կոմիտէն հրապարակում է այսպէս կոչւած «մամուլի ազատութեան 10 հակառակորդների» ցուցակը: Բացի այդ, օրւան նւիրւած Երեւանում մի շարք միջոցառումներ են կազմակերպւելու:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: