Էկոտուրիզմի ջատագովներն իրենց
պայքարից փոշմանել են
Պատճառը մեծահարուստներն են

15:36 • 04.05.10
Հայաստանի յատուկ պահպանւող տարածքների դռները երկու տարի առաջ էկոտուրիզմի համար բացւել են, սակայն Էկոտուրիզմ ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալեանի խօսքով` հայերն էկոտուրիզմ հասկացութիւնն այլ կերպ ընկալեցին:
«Շատ մարդկանց ախորժակը բացւեց. ինչպէս Երևանում, այնպէս էլ այդ տարածքներում օբյէկտներ են ցանկանում կառուցել: Մտածում են` լաւ տեղեր են, ինչո՞ւ մի հատ ամառանոց, ինչո՞ւ մի հատ հիւրանոց չսարքենք»,- այսօրւայ ասուլիսում ասաց Գալեանը` նշելով, որ էկոտուրիզմի ջատագովները փոշմանել են իրենց պայքարի համար:
Բնապահպան Հրայր Սաւզեանն էլ անդրադարձաւ Խոսրովի արգելոցում կառուցւող հիւրանոցային համալիրին` հարց յղելով բնապահպանութեան նախարարութեան կենսառեսուրսների կառավարման գործակալութեան բնութեան յատուկ պահպանւող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասեանին:
Նախարարութեան պաշտօնեան նրան ուղղեց` հիւրանոցը կառուցւում է ոչ թէ Խոսրովի արգելոցում, այլ «Գիլան» պետական արգելավայրում, որը նախկինում է եղել Խոսրովի արգելոցի տարածք:
Աղասեանի խօսքով` այդ տարածքի կարգավիճակն ստիպւած են փոխել. «Խոսրովի արգելոցում դեռևս 85թ. մարդկանց տրւել էին տարածքներ: Մենք անընդհատ այդ մարդկանց հետ խնդիր էինք ունենում: Միջազգային փորձագէտը գալիս և տեսնում էր, որ արգելոցի տարածքում մարդ է ապրում: Ստիպւած կարգավիճակը փոխեցինք»,- նշեց նա:
Ի դէպ, Աղասեանից չյաջողւեց պարզել, թէ «Գիլան» արգելավայրում կառուցւող հիւրանոցի սեփականտէրն ով է:

Tert.am

0 Պատգամ: