Վերին Լարսն աւելի շատ ռուսներին է պէտք, քան հայերին

15:36 • 20.05.10
«Կազբէգի-Վերին Լարս» մաքսային անցակէտի բացումից Վրաստանի բիւջէ ոչ մի գրոշ չի մտել։
Անցակէտից հայկական կողմն այնքան էլ չի օգտւում, ինչը չես ասի Ռուսաստանի մասին, որն ամէնաշատն է շահագրգռւած, որպէսզի այն գործի։
Այս մասին գրում է վրացական «Ռեզոնանսի» թերթը։
Ըստ վրացական «Ստեպանծմինդա» հասարակական միութեան անդամ, տնտեսագէտ Շոթա Բուչուկուրիի՝ վրացական իշխանութիւնները գիտակցաբար ստում էին, երբ պնդում էին, որ մաքսակէտի բացմամբ միլիոններ «կհոսեն» բիւջէ։ Ըստ նրա՝ 2006 թւականից Վրաստանում պարզեցւել է բեռների փոխադրման վճարումների կարգը, այնպէս որ այս գծով ոչ մի գրոշ չի մտնում բիւջէ։ Բացի այդ, ըստ նրա, տւեալ տարածքում սոցիալ-տնտեսական վիճակի բարելաւում չի նկատւում։ «Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա վերջինս ինքն է պնդում, որ տւեալ մաքսակէտը Հայ արտահանողների համար այնքան կարևոր չէ, որքան սևծովեան նաւահանգիստներով անցնող երթուղիները»,- յայտարարել է Բուչուկուրին։ Ըստ նրա՝ Հայաստանի արտահանման 70 տոկոսը կոնեակ է, որը, սակայն, ակցիզային արտադրանք է, և, հետևաբար, յիշեալ մաքսակէտով չի տեղափոխւում։
Ըստ վրացի տնտեսագէտի՝ Հայաստանից մնացած արտահանումը ծիրանն ու դեղձն են, այսինքն սեզոնային արտադրանքը, որի փոխադրումն իրականացւում է տարւայ մէջ երկու ամսւայ ընթացքում։ Բացի այդ, հայ փոխադրողները յայտարարում են, որ հոգնել են Հիւսիսային Օսիայի տարածքում պաշտօնական և «ձախ» վճարումներից։ Ստացւում է, որ այդ մաքսակէտը ամէնաշատը ձեռնտու է Ռուսաստանին, որը դրա շնորհիւ կարող է Գիւմրիի իր բազայ տեղափոխել սննդամթերք և ռազմամթերք։
Tert.am

0 Պատգամ: