Եւրախորհրդարանի բանաձևը չի փոխի բանակցութիւնների ընթացքը
18:31 • 21.05.10
Հարաւային Կովկասի վերաբերեալ Եւրախորհրդարանի ընդունած բանաձևը դժւար թէ փոխի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնների ընթացքը, քանի որ բանակցային գործընթացն ամբողջովին կախւած է Ադրբեջանի և Հայաստանի համաձայնութեան գալու պատրաստակամութիւնից։
Այս մասին Trend-ին ասել է եւրոպացի յայտնի փորձագէտ, Բրիւսելի եւրոպական քաղաքական ուսումնասիրութիւնների կենտրոնի Եւրոպական բարիդրացիութեան ծրագրի ղեկավար Մայքլ Էմերսոնը՝ անդրադառնալով Եւրոպական խորհրդարանի լիագումար նիստում երէկ ընդունւած թիւ 2216 բանաձևին, որով Հայաստանին կոչ է արւում դուրս բերել զօրքերը «գրաւեալ տարածքներից»։
Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից որոշակի ճնշում է գործադրւում՝ միջանկեալ համաձայնութեան հասնելու նպատակով, որպէսզի ԼՂ-ին կից տարածքները վերադարձւեն Ադրբեջանին, Լաչինի միջանցքով ապահովւի տրանսպորտային հաղորդակցութիւն, ինչպէս նաև հետագայում որոշում ընդունւի ԼՂ վերջնական կարգավիճակի մասին։
Էմերսոնը կասկածներ ունի Եւրախորհրդարանի կողմից ընդունւած բանաձևի շօշափելի հետևանքների առնչութեամբ նաև այն պատճառով, որ «Եւրախորհրդարանի ընդունած բանաձևերը պարտադիր ուժ չունեն ո՛չ Եւրոպական խորհրդի և ո՛չ էլ Եւրայանձնաժողովի կողմից իրագործման համար»։
«Սակայն այս պահին ես չեմ տեսնում ազդանշաններ, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են համաձայնութեան»,- ասել է նա։

Tert.am

0 Պատգամ: