Յարութ Սասունեան
Պէտք է արգելւի Չավուշօղլուի վերադարձը Հայաստան

«Պէտք է դրւատանքի խօսքեր ասել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հասցէին` Երևան կատարած այցի ժամանակ Չավուշօղլուի հետ հանդիպումից հրաժարւելու համար»
12:14 • 19.05.10

Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ (ԵԽԽՎ) Մևլութ Չավուշօղլուն անցեալ շաբաթ Երևան կատարած իր այցի ժամանակ վիրաւորեց հիւրընկալողներին` հրաժարւելով ծաղկեպսակ դնել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանին:

Երբ հայկական լրատւամիջոցները նրան հարցեր տւեցին ծաղկեպսակ դնելուց հրաժարւելու մասին, Չավուշօղլուն ստեց` ասելով, թէ իր նախորդները ևս այդպէս են վարւել: Սակայն Հայ լրագրողները ուղղեցին նրան` շեշտելով, որ իրականում ԵԽԽՎ այլ նախագահներ այցելել են Ցեղասպանութեան յուշահամալիր: Սուտասանութեան մէջ մերկացւելուց յետոյ նա փոխեց իր տոնն ու խոստովանեց, որ Յուշահամալիր չայցելելն իր անձնական որոշումն է, և խնդրեց հայերին յարգել իր ցանկութիւնը:
Իսկ ինչո՞ւ պէտք է հայերը յարգեն Ցեղասպանութիւնը ժխտողին ու ստախօսին: Չավուշօղլուն` Թուրքիայի իշխող «Արդարութիւն և զարգացում» կուսակցութեան հիմնադիրներից մէկն ու թրքական խորհրդարանի անդամը Հայաստան էր ժամանել ոչ որպէս թուրք պաշտօնեայ, այլ որպէս ԵԽԽՎ նախագահ: Ցաւալի է, որ այս տարւայ սկզբին ԵԽԽՎ-ում Հայ պատւիրակներին չյաջողւեց խոչընդոտել նրա ընտրութեանն այս ազդեցիկ եւրոպական կառոյցի նախագահութիւնում:
Իրական խնդիրը Չավուշօղլուի ազգային ծագումը չէ. ոչ ոք չպէտք է զրկւի որևէ պաշտօնից իր ազգային պատկանելիութեան պատճառով: Առարկութիւնները հիմնւած են հայկական հարցերի նկատմամբ նրա վաղեմի ընդդիմութեան, այդ թւում` Հայոց Ցեղասպանութեան ժխտման և Արցախեան հակամարտութիւնում Ադրբեջանի աջակցութեան վրայ:
Տեղեկանալով, որ Չավուշօղլուն չի այցելելու Ցեղասպանութեան յուշահամալիր, որը սահմանւած արարողակարգ է Երևան այցելող բոլոր բարձրաստիճան պաշտօնեաների համար, Հայաստանի կառավարութիւնը որոշեց նրա այցելութեան կարգավիճակը «պաշտօնական» մակարդակից իջեցնել «աշխատանքայինի»: Անշուշտ սա ընդամէնը մի թոյլ հակազդեցութիւն էր նրա հասցրած ծանր վիրաւորանքի համեմատ: Ցաւօք, Հայաստանի իշխանութիւնները քննադատական կամ դատապարտման որևէ խօսք չասացին: Նրանք պէտք է աւելի կոշտ միջոցներ ձեռնարկէին Չավուշօղլուի դէմ և չեղեալ յայտարարէին նրա այցը Երևան: Հաստատակամութիւն չցուցաբերելով երկրում վաղուց հաստատւած արարողակարգի պահպանման գործում, Հայաստանի իշխանութիւնները պարզապէս խրախուսում են ապագայում Հայաստան այցելող բարձրաստիճան պաշտօնեաներին` յարգանքի տուրք չմատուցել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:
Մի ցաւալի նախադէպ արդէն ունեցել ենք 2008թ. սեպտեմբերին, երբ Թուրքիայի նախագահ Գիւլը հրաւիրւել էր Երևան: Այն ժամանակ մի յօդւածում ես կոչ արեցի Հայաստանի իշխանութիւններին Թուրքիայի նախագահից պահանջել ծաղկեպսակ դնել Ցեղասպանութեան զոհերի յուշարձանին: Ցաւօք, Գիւլին նման պահանջով չդիմեցին, և նա շատ ուրախ էր, որ այդպիսի հարց չբարձրացւեց:
Պէտք է դրւատանքի խօսքեր ասել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հասցէին` Երևան կատարած այցի ժամանակ Չավուշօղլուի հետ հանդիպումից հրաժարւելու համար` Հայոց Ցեղասպանութեան զոհերի նկատմամբ վերջինիս անյարգալից վերաբերմունքի պատճառով: Նրա այցը դատապարտեց նաև Հնչակեան կուսակցութեան ուսանողական միութիւնը:
Ցաւօք, ընդդիմադիր կուսակցութիւններից մէկի պաշտօնատար անձինք հանդիպեցին Չավուշօղլուի հետ իրենց սեփական օրակարգով, խնդրելով նրան` թուրքին, դատապարտել Հայաստանի Կառավարութեանը մարդու իրաւունքների խախտման համար: Միևնոյն ժամանակ, իշխանամէտ կուսակցութիւնները հանդիպեցին Չավուշօղլուի հետ` ծանօթացնելով նրան տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերեալ Հայաստանի դիրքորոշումներին, կարծելով, թէ նա պատրաստ է փոխել իր տեսակէտները Հայոց Ցեղասպանութեան, Արցախի կամ Հայ-թրքական յարաբերութիւնների վերաբերեալ:
Անկախ Չավուշօղլուի և նրա կառավարութեան` Հայոց Ցեղասպանութեան հանդէպ ունեցած ժխտողական դիրքորոշումից, նրան չպէտք է ներել Ցեղասպանութեան յուշահամալիր չայցելելու համար: Նոյնիսկ այն երկրների դեսպանները, որոնք պաշտօնապէս չեն ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, մասնակցում են Ապիրլի 24-ի սգոյ արարողութեանը և ծաղկեպսակ դնում Ցեղասպանութեան յուշարձանին:
Հրաժարւելով հետևել արարողակարգին, Չավուշօղլուն ոչ միայն վիրաւորեց Հայ ժողովրդին, այլ միաժամանակ խախտեց վաղուց Եւրախորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման իրողութիւնը:
Ի վերջոյ, թուրք դիւանագէտն իր խօսքով ու գործով ծանր դրութեան մէջ դրեց ինքն իրեն ու գցեց իր վարկը որպէս քաղաքական գործիչ և արժանի ներկայացուցիչ այս հանրայայտ եւրոպական կառոյցի և նրա արժէքների:
Ապագայում նման սկանդալներից խուսափելու համար Հայաստանի իշխանութիւնները պէտք է դիմեն օտարերկրեայ բարձրաստիճան պաշտօնեաներին` մինչև նրանց այցը և հասու դարձնեն Հայաստանում սահմանւած արարողակարգի` Ցեղասպանութեան յուշարձանին ծաղկեպսակ դնելու կարևորութիւնը: Հրաժարւելու դէպքում նրանց այցերը պէտք է անյապաղ չեղեալ յայտարարւեն: Կարո՞ղ էք պատկերացնել մի որևէ օտարերկրեայ բարձրաստիճան պաշտօնեայի, որն այցելի Երուսաղեմ ու հրաժարւի ծաղկեպսակ դնել Եադ Վաշեմի` Հոլոքոստի զոհերի յուշարձանին: Նրան հետագայում երբէք թոյլ չեն տայ ոտք դնել Իսրայէլ: Հայաստանի Կառավարութիւնը նոյնպիսի դիրքորոշում պէտք է որդեգրի Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրի նկատմամբ:
Հայաստան կատարած իր այցելութեան վերջում Չավուշօղլուն յայտարարեց, որ այս տարւայ հոկտեմբերին կրկին այցելելու է Հայաստան: Յոյսով եմ, որ Հայաստանի իշխանութիւնները թոյլ չեն տայ նրա մուտքը երկիր, մինչև որ նա չյարգի օտարերկրեայ բոլոր բարձրաստիճան պաշտօնեաների համար Հայաստանում սահմանւած արարողակարգը:
Եթէ հայ պաշտօնեաները հաստատակամ չլինեն հէնց իրենց երկրի կանոնակարգի կատարման հանդէպ, ապա օտարերկրեայ բարձրաստիճան պաշտօնեաները դրանց ենթարկւելու ոչ մի պատճառ չեն ունենայ:

Յարութ Սասունեան
«Կալիֆոռնիա կուրիէր» թերթի հրատարակիչ և խմբագիր Tert.am

0 Պատգամ: